«Հայաստանում քաղաքական բանտարկյալների ժամանակներն անցել են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով հարցին`«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյա՞լ է:
Լրագրողները հետաքրքրվեցին`կապ տեսնո՞ւմ է ԱԺ փոխնախագահը Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման եւ ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի կորցրած 800 հեկտարը նրա ազատագրելու ցանկության մեջ, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Բոլորին էլ կհորդորեմ ցանկացած իրավական խնդրում հետեւել հետաքննությանը եւ ամեն ինչ չկապել քաղաքական գործունեության հետ: Ես չեմ կարծում, որ միայն Ժիրայր Սեֆիլյանն է, որ Հայաստանում հայրենասեր է եւ ցանկանում է գնալ պաշտպանել: Ես շատ բարձր եմ գնահատում բոլոր այն մարդկանց ծառայությունները, ովքեր ծառայել են, ծառայում են եւ դեռ կծառայեն իրենց հայրենիքում, բայց այդ հարցում իմ տպավորությամբ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Ի վերջո, կլինի բաց դատավարություն եւ վստահենք դատավարությանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ