Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանն ԱԺ-ում հրապարակավ ներողություն խնդրեց լեզվական սայթաքման համար (Տեսանյութ)

Հունիս 27,2016 14:40

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ 4+4+4 ձեւաչափի շրջանակներում ձեռք բերված հայտարարության տեքստում ասվում է, որ այն, ինչ արվում է, արվում է ազատ ընտրությունների եւ հանրության վստահության բարձրացման համար. «Հիմա այդ հայտարարությունից բխող մի նախագիծ եք բերել, ասում եք՝ սենց կանենք, նենց կանենք, հանրության վստահությունը ստեղ կբարձրացնենք, վերջում ասում եք՝ բայց եթե դոնոր կազմակերպությունները փողը տան: Եթե դոնոր կազմակերպությունները փողը չտան, չենք բարձրացնի հանրության վստահությունը, ժողովրդավարական ընտրությունները էդքան էլ կարեւոր չեն: Հիմա ստացվում է ի՞նչ՝ ձեր մտքերի ընթացքին հետեւելով՝ ինձ մոտ հարց է ծագում՝ եթե փողը տալիս են՝ լինում է, չեն տալիս՝ չի լինում, հարցը հետեւյալն է, իսկ եթե ԵՄ-ն, ասենք, մի երկու մլն էլ ավել տա, կարա՞նք էս օրենքի ամենավերջում գրենք՝ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վերջին մասը ձեր անձնական օրինակի վրա կավելացնեք, երբ ստանաք քվեարկած օրենսգիրքը, 2 մլն-նն էլ կարող եք վերցնել ձեզ»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ ցանկության դեպքում, կարող են մարդկանց «ԴՆԹ» թեսթն էլ հավաքել, աչքի ծիածանաթաղանթը նկարել, մատնահետքից հետո ստուգումներ անել. «Հնարավոր է, բայց ամեն ինչը պետք է ունենա իր սահմանը: Գործող Ընտրական օրենսգիրքը բավականին լուրջ երաշխիքներ պարունակում է, որպեսզի անցկացնենք պատշաճ ընտրություն եւ խախտումները կանխվեն: Այլ խնդիր է, որ մեր գործընկերները ասում են, մեզ 99 տոկոսանոց որակը բավարար չէ, ուզում ենք 99.8 տոկոսով»:

Դավիթ Հարությունյանը լրջանալու կոչ արեց:

Նիկոլ Փաշինյանն էլ Դավիթ Հարությունյանի լեզվական սայթաքումը երեսով տվեց. «Ինչ վերաբերում է լրջությանը, ես չգիտեմ, դուք նկատո՞ւմ եք, թե ինչ եք հայտարարում ԱԺ ամբիոնից: Ընդամենը 20 րոպե առաջ հայտարարեցիք՝ «մենք որոշ դեպքերում մեզ հարգող պետություն ենք»: Այո, դուք, որոշ դեպքերում հանդես եք գալիս որպես իրեն հարգող պետության ներկայացուցիչ, բայց՝ միայն որոշ դեպքերում»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե նման լեզվական սայթաքում եմ ինձ թույլ տվել, ապա հրապարակավ ներողություն եմ խնդրում բոլորից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930