«Հայաստանի ռազմական օդուժը պատրաստ է նույնիսկ փոքր ուժերով կատարել տրված առաջադրանքները»,- այսօր «Արմենպրես» ակումբում լրագրողներին վստահեցնում էր Հայաստանի ԶՈՒ-ի ավիացիոն վարչության փրկարարական եւ պարաշյուտադեսանտային ծառայության ղեկավար Թեւոս Իլիկչյանը:
Նշենք, որ այսօր ԶՈՒ ավիացիայի օրն է, տոնի օրը շարժական է՝ պայմանավորված հրամանատարության հրամանով:
Պարոն Իլիկչյանի պատմելով, հայկական ռազմական ավիացիան խորհրդային միությունից բարդ ժառանգություն էր ստացել, բայց վերջին տարիներին մեծ զարգացում է ապրել. «Եթե հարեւանների մոտ ինչ-որ բան մնացել էր Միությունից, Հայաստանը ուղղաթիռային մեկ ջոկատ ուներ: Հայկական ավիացիան դժվարությամբ, բայց լույս աշխարհ եկավ:
Կան հարվածային տեսակներ` ռեակտիվ ինքնաթիռներ եւ գրոհայիններ: Տրանսպորտային եւ մարտական ուղղաթիռներ: Ինչ վերաբերում է թվին, թվերը կարեւոր չեն, այլ՝ որակն ու պրոֆեսիոնալիզմը: Ավիացիան շատ թանկ հաճույք է: Սակայն նավթադոլարների բացակայությունը չի նշանակում, թե մենք ինչ-որ բանով զիջում ենք: Հայերը թռչող ժողովուրդ են: Թռել ենք եւ պետք է թռնենք եւ պատրաստ ենք կատարել բոլոր առաջադրանքները»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, ապրիլյան պատերազմի ժամանակ ավիացիան կազմ ու պատրաստ է եղել, բայց օգտագործվել է միայն տրանսպորտայինը. «Հարվածային ավիացիայի մասնակցությունը որոշում է հրամանատարը: Բավականին արդյունավետ է մեր օդուժն իր ամեն ինչով: Ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չօգտագործվեցին մարտական ուղղաթիռները, հրամանի էինք սպասում: Գրոհային ավիացիան սպասում էր իր հերթին, սպասում էր հրամանատարության որոշմանը, չնայած մեր տղաները ուղղաթիռների մեջ նստած ամեն ինչով պատրաստ էին գրոհ սկսելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ