Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է 2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին Հայաստանի Հանրապետություն և այդ ընթացքում Պապի հայտարարություններին ու մասնավորապես Հայոց ցեղասպանություն արտահայտության կիրառմանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի ընթացքում նրա այցը այսպես կոչված Հայոց ցեղասպանության հուշահամալիր, 1915թ. իրադարձությունների մասին անհաջող արտահայտությունները, Հայոց կաթողիկոսի հետ ստորագրած ընդհանուր հռչակագրում 1915թ. իրադարձությունների մասին անընդունելի հայտարարությունների տեղ գտնելը և վերադարձի ճանապարհին կեղծիքով և զրպարտություններով լի հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անվերապահ կապը 1915թ. պատմական փաստերի և իրականության հետ անհամատեղելի հայկական հորինվածքների հետ»։