Լրահոս
Օրվա լրահոսը

Ներմուծման կրճատումը փոխհատուցվում է տեղական արտադրությամբ 2015-ի անհաջողությունների հետեւանքները

Հունիս 27,2016 15:30

2016-ի հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ աճել է 5,5 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:

Հիշեցնենք, որ 2016-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5 տոկոս, հունվար-փետրվարին 2015-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 4,7 տոկոս, հունվար-մարտին 2015-ի հունվար-մարտի համեմատ՝ 5,5 տոկոս, հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ՝ 6 տոկոս: Ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական ակտիվությանը նպաստել են արդյունաբերությունը, ծառայությունները, գյուղատնտեսությունը։ Տարեսկզբի հինգ ամիսների տվյալներով՝ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 8,8, ծառայություններում՝ 8,6 տոկոս տնտեսական աճ։

Գյուղատնտեսության մեջ աճը կազմել է 4,7 տոկոս։ Նվազում է գրանցվել շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում։ Վերականգնվել է նաեւ ներքին առեւտրաշրջանառությունը։ Այն ընդամենը 0,1 տոկոսով է զիջել նախորդ տարվա մակարդակը՝ պայմանավորված հիմնականում տարեսկզբի ցածր ակտիվությամբ։ Ավելին՝ վերջին մեկ-երկու ամիսներին առեւտրի ծավալները սկսել են գերազանցել նույնիսկ նախորդ տարվա նույն ամսվա մակարդակը։ Ապրիլին դրական տարբերությունը կազմեց 0,1 տոկոս։ Արդեն մայիսին առեւտուրը 5,3 տոկոսով ավելի է եղել մեկ տարի առաջվանից։ Վերականգնվել է նաեւ արտաքին առեւտրի շրջանառությունը։ Տարեսկզբի 5 ամիսների տվյալներով՝ այն ավելացել է 6,8 տոկոսով։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում անկումը կազմում էր 3,8 տոկոս։ Արտաքին առեւտրաշրջանառության աճը պայմանավորվել է հիմնականում արտահանման ավելացմամբ։ Նախորդ տարվա համեմատ հաջողվել է Հայաստանից 20 տոկոսով ավելի շատ ապրանք արտահանել։ Անկումը վերջապես դադարել է նաեւ ներմուծման ոլորտում։ Եթե հունվար-ապրիլին ներկրումների դինամիկան դեռեւս բացասական էր, ապա արդեն հունվար-մայիսին նույնիսկ 0,8 տոկոսանոց աճ է գրանցվել։

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը այս տնտեսական ակտիվությունը պայմանավորում է նաեւ ՌԴ-ում իրավիճակի կայունացմամբ: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Արեւմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սանկցիաները, ռուբլու կուրսի տատանումներն անցած տարի հանգեցրեցին նրան, որ մի կողմից՝ լուրջ անկում ապրեցին Հայաստանից արտահանման ծավալները, մյուս կողմից էլ՝ կտրուկ նվազեցին Հայաստան եկող տրանսվերները: Այս ամենն էլ, բնականաբար, խնդիրներ առաջացրեց բնակչության վճարունակ պահանջարկի առումով` հանգեցնելով սպառման նվազում: 2015-ի վերջում Հայաստանում սպառման անկման տոկոսը բավական տպավորիչ էր` 25 տոկոս, ինչն էլ բերեց ներմուծման սպառման: «2016 թվականը համեմատաբար հաջող տարի է ստացվում՝ ե՛ւ ներդրումների, ե՛ւ մի շարք այլ տեսանկյուններից»,- ասում է նախկին վարչապետը` համոզմունք հայտնելով, որ, այնուհանդերձ, Եվրասիական տնտեսական համակարգը նաեւ սկսեց գործել. «Բոլոր դեպքերում մեր արտահանողներն այսօր փորձում են վերականգնել նաեւ իրենց դիրքերը ռուսական շուկայում: Նոր տնտեսական կապեր էլ են ձեւավորվում ԵԱՏՄ անդամ երկրների հետ, դեռ հիմնականում՝ Բելառուսի: Շատ սաղմնային վիճակում է, բայց ես համոզված եմ, որ զարգացման հեռանկար կա նաեւ Ղազախստանի հետ»:

Անցած տարին Հայաստանը «փակեց» արտահանման եւ ներմուծման ծավալների անկմամբ: Ի դեպ, արտահանման անկումը բավական փոքր էր ներմուծման անկումից: Ըստ մեր զրուցակցի՝ սա խոսում է այն մասին, որ սպառման անկման հետ զուգահեռ հավանաբար կարող է նաեւ տեղի ունենալ ներմուծման փոխանակում` արտադրական կարողությունների ձեւավորմամբ: «Օրինակ՝ հայկական շուկայում բավական համարձակ իր դիրքերն է ամրապնդում «Ալեքս-տեքստիլը»: Սա, ըստ էության, ներմուծման կրճատմանն ուղղված քայլ է: Ներմուծման փոխարեն սպառումը կապահովվի տեղական արտադրողների կարողություններով: Ես ենթադրում եմ, որ ներմուծումը տեղական ապրանքով փոխարինելու տենդենցը գնալով կավելանա, եւ դա կխրախուսվի հատկապես ԵԱՏՄ տարածքի հնարավորություններով»: Խոսրով Հարությունյանը կարեւորում է նաեւ շուկաների դիվերսիֆիկացիան. «Անցած տարվա անհաջողությունները մեր գործարարներին հասկացրեցին, որ մեկ շուկայի հետ կապը կարող է վտանգավոր լինել: Հիմա մենք ունենք արտահանման ծավալների բավական դինամիկ աճ դեպի Իրաք, Չինաստան, Հարավարեւելյան Ասիայի երկրներ: Դրանք նոր շուկաներ են մեզ համար, եւ իբրեւ սկզբնական փուլ՝ մի քանի միլիոն դոլարի արտահանումներն արդեն խրախուսելի են, որովհետեւ ըստ էության շուկաների աշխարհագրությունն է փոխվում` մեծացնելով արտադրողի եւ արտահանողի կարողությունները, բարձրացնելով նրանց մանեւրելու հնարավորությունները եւ մեծացնելով տնտեսական գործունեության ճկունությունը»: Այս իրողությունները, ըստ նախկին վարչապետի, բավական նպաստավոր են եղել ներկայիս 5,5 տոկոս տնտեսական ակտիվության համար:

Խոսրով Հարությունյանը համոզված է` հետզհետե իրենց «զգացնել կտան» նաեւ արձանագրված հարկային նոր մոտեցումները` հարկային վարչարարության մեջ էլեկտրոնային հաշիվների համակարգի ստեղծումը: Սրանք, ըստ մեր զրուցակցի, բավական թեթեւացնելու են գործը: Նա օրինակ է բերում որոշ ապրանքատեսակների նկատմամբ պարտադիր թարգմանիչների ինստիտուտի ներդրումը եւ պնդում է, որ դա էապես ավելացրել է շրջանառության ծավալները` ի հաշիվ ստվերի կրճատման: Կամ` հարկային հաշիվների չեղարկումը: Եթե հարկային էլեկտրոնային հաշիվների չեղարկման համար նախկինում 24 ժամ էր տրամադրվում, ապա այժմ տասը րոպե է տրամադրվում: Քննարկվում է անմիջապես չեղարկելու տարբերակի ներմուծումն էլ: Այսպիսով, հարկային հաշիվների ճշգրտման ժամանակի նվազեցմամբ, ըստ նախկին վարչապետի, ստվերային շրջանառության «դեմն են» փորձում առնել:

«Ես ամբողջական եւ սպառիչ ցանկը չներկայացրեցի, բայց սրանք քայլեր են, որոնք միտված են տնտեսական ակտիվությանը: Ես կարծում եմ, որ իրեն դեռեւս զգացնել է տալու այն հարկային արտոնյալ ռեժիմը, որն անցյալ տարի ընդունեցինք սահմանամերձ համայնքների համար: Մտածողության մեջ իներցիա գոյություն ունի, մարդիկ միանգամից չեն հավատում, չեն փորձում քայլերի գնալ, բայց կամաց-կամաց այդ շրջաններում մանր եւ միջին բիզնեսը կակտիվանա: Նաեւ համոզված եմ, որ այդպես կլինի, քանզի փոքր եւ միջին ձեռնարկատիրության կայացումը մեզ համար ոչ միայն տնտեսական, այլ նաեւ սոցիալական խնդիր է»,- եզրափակեց նախկին վարչապետը:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

25.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930