Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոսկվայի կոշտ արձագանքից հետո Ադրբեջանում ոչ ոք չի շարունակում պնդել Մամեդովի հայտարարությունը

Հունիս 27,2016 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը եւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Լուսինե Բուդաղյան– Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո կողմերը հանդես եկան իրարամերժ հայտարարություններով: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ Ս. Սարգսյանը եւ Ի. Ալիեւը իբր համաձայնության են եկել խնդիրը լուծել փուլային տարբերակով` նախ պետք է, նրա խոսքերով ասած, «ազատագրվեն Ադրբեջանի 5 շրջանները, ապա եւս երկուսը, կորոշվի միջանցքի հարցը, եւ հետո կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:

Սրան հետեւեց ՀՀ արտգործնախարարի, այսպես ասած, հերքումը. նա ասաց, որ Մամեդովը երբեք չի մասնակցել բանակցություններին, եւ որ հարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն Պետերբուրգում ձեռք չի բերվել:

Նախօրեին էլ արձագանքեց Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը` Մամեդովի հայտարարությունը որակելով որպես «անբարեխիղճ եւ խեղաթյուրված»:
Պարոն Մելիք-Շահնազարյան ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս պահվածքը, եւ արդյոք սա իշխանության հեղինակությունը սեփական ժողովրդի աչքին բարձրացնելու հերթական քա՞յլն էր` թեկուզ ապատեղեկատվություն տարածելու գնով:

Հրանտ Մելիք Շահնազարյան- Կարծում եմ՝ հիմքում հենց դա էլ ունենք, պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սա առաջին դեպքը չէ, որ բանակցություններից դուրս են գալիս եւ միանգամից հայտարարություն են անում, որը չի համապատասխանում իրականությանը, եւ ավելին՝ ճիշտ հակառակ երեւույթների մասին են խոսում: Ընդ որում, առաջին դեպքը չէ, որ Նովրուզ Մամեդովն է խոսում այդ մասին:

Մինչ եռակողմ հանդիպման սկիզբը Սանկտ Պետերբուրգում Ի. Ալիեւը Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց իրենց բանակցային դիրքորոշումը: Նա հայտարարեց, որ ստատուս քվոն անընդունելի է, որ բոլորը դրա հետ համաձայն են, եւ որպեսզի այդ իրավիճակը փոխվի, պետք է հիմա սկսվի դեօկուպացիայի գործընթացը: Եվ հույս հայտնեց, որ բանակցությունների ընթացքում այդ հարցով ինչ-որ առաջընթաց կլինի: Այնինչ եռակողմ հանդիպումից հետո, երբ տարածվեց 3 նախագահների հայտարարությունը, մենք տեսանք, որ Ադրբեջանի՝ նախապես հայտարարված բանակցային դիրքորոշման մասին որեւէ բառ այնտեղ չկար, անգամ ակնարկ չկար նրա մասին, թե ինչ պահանջով է եկել Ալիեւը եւ ինչ արդյունք է ստացել այդ հանդիպումից: Բնականաբար, Բաքվում պետք է հարցեր առաջանային, թե ինչու այդպես եղավ` չէ՞ որ գնացել էիր Ղարաբաղը բերելու, բայց արդյունքում բերեց իր միջազգային դիտորդների թվի ավելացման մասին միայն համաձայնություն: Եվ ակնհայտ է, որ այս խոսակցությունները դադարեցնելու եւ նախկին իր ռազմատենչ խոստումները ավելի իրական դարձնելու համար որոշվեց նման ապատեղեկատվություն տարածել, որը տարածվեց կիսալեգիտիմ, բայց ոչ ամենաբարձր պատասխանատվության մակարդակի պաշտոնյայի շուրթերով: Ասեմ, որ Ադրբեջանը բավական դժվար կացության մեջ հայտնվեց, քանի որ եղավ բավականին կոշտ ձեւակերպումներով պատասխան՝ դիվանագիտական լեզվի համար գրեթե աննախադեպ որակումներով: Եվ հիմա Ադրբեջանում որեւէ մեկը չի շարունակում պնդել այդ հայտարարությունը:

Լ. Բ– Պարոն Արշակյան, հնարավո՞ր է, որ Մամեդովը իրականում ճիշտ է ասել, եւ դրանով բացահայտեց Մոսկվայի մտադրությունները, պարզապես ավելի վաղ ասաց, քան պետք էր:

Ազատ Արշակյան– Ես կարծում եմ, որ հնարավոր է, որ մենք գործ ունենք մի վիճակի հետ, երբ կողմերը ճիշտ են: Դիվանագիտությունը հենց դա է, քանի կողմ կա, ամեն մեկն իր ուզած ձեւով է հասկանում այդ հատուկ բանաձեւերը: Դրանք հենց դրա համար են հնարվել` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք եւ սահմանների անձեռնմխելիություն: Մենք արդեն մի կարեւոր հանգրվանի ենք հասել, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ ունենք տարբեր սեփականության վկայականներ: Մենք հղում ենք կատարում Հայկ նահապետին, Պասկեւիչին, մենք կարող ենք հղում կատարել 1994-95 թթ. հայտնի զինադադարի պրոտոկոլին, իրենք` Կազանի փաստաթղթին, մեկ ուրիշը` Մադրիդյան փաստաթղթին, այսինքն` բազմաթիվ փաստաթղթեր կան: Դրանց թիկունքում բազան` հիմքը մեկ ուրիշ բան է` զինված ուժերի առկայությունն այդ տարածքում: Մեր զինված ուժերը քանի դեռ իրենց տեղում են, մեր հայրենիքի այդ հատվածի վրա են, բոլոր թղթերը վիճելի են: Օրինակ՝ շատ լավ փաստաթուղթ է 1918 թվականի Անտանտայի հայտարարությունը, որ այդ տարածքը վիճելի է, դա, իմիջիայլոց, ամենալեգիտիմ փաստաթուղթն է` համեմատած կավբյուրոյի որոշման հետ: Սրանից 20 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ Սիրիայում նման բան տեղի կունենա:

Հազար հատ փաստաթուղթ կար Սիրիայի սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու, միատարր պետություն, աշխարհիկ լինելու վերաբերյալ, բայց մենք ինչ ենք տեսնում՝ այդ բոլորը քանդվել են, չկա: Ուրիշ փաստաթուղթ պետք է աշխատի: Նույնը՝ Իրաքում: Բայց ո՞վ ասաց, որ Վրաստանի սահմանների անձեռնմխելիության ակտն ավելի թույլ էր, քան Ադրբեջանինը: Քանի դեռ Հայաստանն ունի մարտական զինված ուժեր, այդ տարածքը կմնա մերը. կլինի դա հազար տարի, թե հարյուր տարի՝ ես չգիտեմ: Քանի դեռ Հայաստանն ունի կամք եւ հայրենասեր հայրենաբնակ քաղաքացիներ, ուրեմն Ղարաբաղի հարցը լուծված է վերջնականապես: Եթե, Աստված չանի, մի աղետ լինի, որ մենք որոշենք լքել մեր հայրենիքը, չպահենք մեր բանակը, ուրեմն այն ժամանակ կխոսենք նոր լուծումների մասին: Հիմա Ղարաբաղի հարցը լուծված է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Քննարկումն ամբողջությամբ`

«Առավոտ»

25.06.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930