ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
Հունիսի 26-ը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հռչակվել է 1988 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից է: Այս նպատակով Կազմակերպությունն իրականացնում է համապատասխան մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ և հանդես գալիս առաջարկություններով:
Թմրամիջոց գործածող անձինք այսօր կանգնած են առողջապահական, իրավական, սոցիալական տարբեր խնդիրների առջև: Վերջիններիս նկատմամբ բարձր է խտրական վերաբերմունքը, ինչի արդյունքում պարբերաբար խախտվում են նրանց իրավունքները:
Չնայած Հայաստանի Հանրապետության կողմից ներդրված ջանքերին՝ թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության հարցում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ իշխանությունները ամբողջությամբ չեն իրականացնում «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված պարտավորությունները: Անհրաժեշտ ենք համարում թմրամիջոց գործածող անձանց խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրության ապահովումը՝ բուժմանը, կրթությանը, սոցիալական ինտեգրմանն ուղղված ծրագրերի, ռազմավարությունների իրականացումը:
Կարդացեք նաև
Եթե խախտվել են Ձեր իրավունքները, կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ