Հունիսի 23-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուց ձոր տանող ճանապարհի պահակատան մոտ դիակ և արյան հետքեր կան:
Մեկնած օպերատիվ խումբը Հրազդանի կիրճում` «Ատոմէներգո» ինստիտուտի հարակից տարածքում, հայտնաբերել էր 1967 թ. ծնված Արսեն Պողոսյանի դիակը` գլխի վնասվածքներով:
Նշանակվել էր ԴԲՓ:
Հունիսի 24-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «Հրազդան» մարզադաշտին կից բենզալցակայանի մոտից, «գլխի վնասվածք» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխել 45-ամյա Լևոն Ս.-ին, որը հիվանդանոցում հայտարարել էր, որ նշված վայրում քարով հարվածել են գլխին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել էր ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, վիճաբանության ժամանակ, 2000 թ. ծնված Ս. Հ.-ն քարերով հարվածել է Ա. Պողոսյանին և Լևոն Ս.-ին, ինչի հետևանքով Ա. Պողոսյանը վնասվածքներից մահացել է, իսկ Լևոն Ս.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները, հունիսի 24-ին, ժամը 23.00-ին, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել Ս. Հ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Ս. Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն