Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուտիլովչիկները» դուրս են գալիս ԵՄ-ից

Հունիս 27,2016 14:30

Քաղաքագետը` Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքների մասին

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի կիսում այն տեսակետը, որ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքում Եվրոպական միությունը կթուլանա: Հիշեցնենք. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ բնակչության մեծամասնությունը «կողմ» է արտահայտվել Եվրամիության կազմից դուրս գալու առաջարկին։ «Ընդհակառակը՝ Եվրամիությունն այդպիսով ավելի կուժեղանա»,- պնդում է քաղաքագետը` բացատրելով. «Մեծ Բրիտանիան ԵՄ-ի ոչ մի ինտեգրացիոն գործընթացներում չկար` դեմ էր Արեւելյան գործընկերության ծրագրին եւ մնացյալ գործընթացներին: Մեծ Բրիտանիան չկար եվրոյի գոտում, այդ երկրի միգրացիոն քաղաքականությունը կտրականապես հակասում է եվրոպականին: Նաեւ` Եվրապառլամենտում եվրասկեպտիկների ամենաուժեղ խմբում Մեծ Բրիտանիայի պատգամավորներն են»: Ուստի, ըստ քաղաքագետի, Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից ոչ թե կթուլացնի այդ կառույցը, այլ հակառակը` ավելի միասեռ կդարձնի այն. «Բավական դրական գործընթացներ կգնան»: Նա նաեւ հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիան միատարր երկիր չէ, այն կազմված է կղզիներից, եւ Մեծ Բրիտանիան ոչ թե եվրոպական, այլ եվրաատլանտյան երկիր է, ինչը էականորեն ազդում է այդ երկրի ողջ քաղաքականության վրա:

Ի դեպ, այս հանրաքվեն դեռ բավարար չէ ԵՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար: Մեծ Բրիտանիայի պառլամենտը դեռ պետք է հաստատի այն, ապա նոր կառավարությանը դիմի` գործընթացը սկսելու համար: Այդ երկրի Սահմանադրությունը թույլ է տալիս նույն հարցով եւս մեկ հանրաքվե անցկացնել: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ նման ժողովրդավարական երկրի պառլամենտը չի կարող հաշվի չնստել սեփական ժողովրդի կամարտահայտության հետ: Հիշեցնենք. անցյալ տարի Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայից անջատվելու հանրաքվեն տապալվեց միայն նրա համար, որ Մեծ Բրիտանիան ԵՄ անդամ էր: Ստեփան Գրիգորյանը պնդում է, որ Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկից Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան կանջատվեն այդ երկրից: Դիտարկմանը` այսպիսով նաեւ Մեծ Բրիտանիայի տրոհո՞ւմը կսկսվի, քաղաքագետն արձագանքեց. «Դա իրենց գործն է: Կարեւորն այն է, որ այսպիսով ԵՄ-ում առողջացման գործընթացներ են սկսվում, քանի որ Մեծ Բրիտանիան հաճախ խոչընդոտում էր ԵՄ-ի գործունեությանը տարբեր հարցերում: ԵՄ միգրացիոն քաղաքականությունը եւ դրա ներկայիս արդյունքն էլ է Մեծ Բրիտանիայի քաղաքականության արդյունքը: Հիշո՞ւմ եք՝ ԵՄ-Մեծ Բրիտանիա երկարատեւ բանակցությունները ԵՄ քաղաքականության վերաբերյալ մի շարք կարեւորագույն հարցերում, ու ԵՄ-ն գնաց զիջումների: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը մի շարք հարցերում, խփեց ԵՄ-ին: Ժողովրդական լեզվով ասած` հիմա «մուտիլովչիկները» դուրս են գալիս»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

25.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930