Հայաստանում մեկնարկում է «Կրծքով կերակրման հաղթարշավ»
Հայաստանի չորս մարզերում՝ Լոռի, Շիրակ, Արմավիր, Արարատ, և Երևանում հունիսի 27-ից սկսվում է տեսակի մեջ բացառիկ հաղթարշավ, որին մասնակցելու հնարավորություն են ունենալու վերոհիշյալ մարզերի և Երևանի այն ապագա ու ներկա մայրիկներն, ովքեր կարևորում են կրծքով կերակրումը:
Հաղթարշավին հնարավոր է միանալ՝ մասնակցելով լուսանկարչական մրցույթին՝ ուղարկելով կրծքով կերակրման թեմայով լուսանկարներ և դրանց կից պատմություններ այն մասին, թե ինչու են որոշել իրենց երեխաներին կերակրել կրծքով, որոնք են կրծքով կերակրման առավելությունները, ինչպիսի բերկրանք է պարգևում այդ գործընթացը մայրիկին, ինչ դժվարությունների են բախվել, ինչպես են հաղթահարել խնդիրները: Մասնակից մայրիկներն իրենց օրինակով ապացուցելու են, եթե երեխան կերակրվում է կրծքով, ապա դա և՛ երեխայի, և՛ մոր հաղթանակն է, նրանց առողջ ապագայի կարևորագույն հիմքերից մեկը: Հենց այդ գաղափարից էլ բխել է հաղթարշավի կարգախոսը՝ «Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է»:
Հաղթարշավի ընթացքում լավագույն լուսանկարների հեղինակները հնարավորություն են ստանալու մասնակցելու պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի, որից ստացված լուսանկարները ներկայացվելու են քվեարկության: Յուրաքանչյուր մարզից լավագույնը ճանաչված լուսանկարների հեղինակները հայտնվելու են հաղթարշավի գլխավոր պաստառներին և ստանալու են արժեքավոր մրցանակներ: Հաղթարշավի ավարտին պաստառները տարբեր ձևաչափերով հայտնվելու են մասնակից մարզերի և Երևանի բժշկական կենտրոններում, պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում և այլուր:
Կարդացեք նաև
«Կրծքով կերակրման հաղթարշավն» իրականացվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխաների իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։ «Լանցետ » ամսագրի «Երեխաների կենսունակության վերաբերյալ» շարքը փաստում է, որ կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:
ՅՈՒՆԻՍԵՖ