Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ընտանիքում, որտեղ հատուկ կարիքներով երեխա կա, մայրն իրեն ու իր երեխային ավելորդ է զգում»

Հունիս 27,2016 14:00

Կողբը Տավուշի մարզի ամենամեծ գյուղերից է: Գյուղի մեծ ու փոքրը կապ չունի. մեծ գյուղն էլ մեծ-մեծ խնդիրներ ունի: Կողբեցիները մտահոգված են, որ գյուղի միակ հիվանդանոցն անբարեկարգ է, պատերը խոնավությունից բորբոսած ու խունացած: Հիվանդանոցի բուժքույր Աիդա Եգանյանի խոսքերով՝ բուժհիմնարկում անգամ նորմալ սեղան-աթոռ չունեն, անգամ անկետաների պահարան չունեն: Չնայած այդ ամենին՝ հիվանդների պակաս հիվանդանոցը չունի: Բուժքրոջ տվյալներով՝ օրական գրեթե 50 մարդ է դիմում բուժօգնության` սրտանոթային, շաքարային դիաբետի, թոքաբորբի գանգատներով: Տիկին Եգանյանը կարծում է, որ համագյուղացիների առողջական խնդիրները պայմանավորված են ապրելակերպով. մարդիկ թերսնված են ու խեղճացած սոցիալական վատ պայմաններից: Հիվանդանոցը ջրի խնդիր էլ ունի, մինչդեռ սա այն կարեւոր օղակն է, որ ջուրը պետք է մշտապես լինի, այնինչ բուժհիմնարկը նորմալ ջրի բաք էլ չունի:

4-1

Ջրի խնդիր, առհասարակ, ամբողջ գյուղն ունի: Այստեղ ջուրը ժամով է, Կողբում ջուրը գնում են 3000 լիտրը` 3-4 հազար դրամով:

Այս մեծ գյուղում աշխատատեղ չկա: Այդ է պատճառը, որ արտագաղթն այս գյուղն էլ չի շրջանցել: Երիտասարդները գյուղը լքում են, աշխատանք փնտրում օտար ափերում:

Գյուղում մնացած բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ: Կողբը երկու մանկապարտեզ, երկու դպրոց ունի: Գյուղացիներից ոմանք Բագրատաշենի մաքսակետում են աշխատանք գտել, բայց գործազուրկներ էլ գյուղում շատ կան:

Կողբում կան ընտանիքներ, որոնք հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեն: Հաշմանդամության նպաստը 18 հազար դրամ է, ինչը «Նոյ աստղ» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Ալեքսանյանի համոզմամբ՝ խիստ անբավարար է հատուկ կարիքներով երեխայի խնամքն ու առաջին անհրաժեշտության ծախսերը հոգալու համար: Այդ գումարով, ըստ տիկին Էմմայի, որի երեխան նույնպես հաշմանդամություն ունի, նույնիսկ առաջին անհրաժեշտության սնունդը չեն կարող գնել:

4-3

Նրա խոսքերով՝ այդ ապրելակերպն էլ է նպաստում, որպեսզի այն ընտանիքում, որտեղ հատուկ կարիքներով երեխաներ կան, մայրն իրեն ու իր երեխային ավելորդ զգա, քանի որ համարում է, որ երեխան հոգս է ընտանիքի համար:
Ըստ Էմմա Ալեքսանյանի՝ այդ ընտանիքի մայրերը չեն կարողանում հասարակության մեջ գտնել իրենց տեղը, դառնալ հասարակության լիիրավ անդամ, քանի որ ամաչում են մշտապես օգնություն խնդրողի դերում լինելուց:
Կազմակերպության ղեկավարը կարծում է, որ նախ այս հարցը պետք է լուծվի, որպեսզի այդ մայրերն առաջինն իրենց ընտանիքում ավելորդ չզգան, հետո նոր լուծվի հասարակությանը ինտեգրվելու խնդիրը:

4-2

Կողբում ՀԿ-ն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ ծրագիր է իրականացնում, որով կարուձեւի դասընթաց է անցկացնում հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի հետ եւ նրանց համար պատվերներ վերցնում, որպեսզի այդ վաստակած գումարով էլ մայրերը կարողանան հոգալ իրենց երեխաների ծախսերը: Նրանք սպիտակեղեն են կարում ու վաճառում, որը նաեւ փոխանակում են այլ ապրանքների հետ: Այս գյուղում հարմարեցման եւ համաֆինանսավորման ծրագիր էլ է իրականացվում, ինչի արդյունքում հաշմանդամություն ունեցող մեկ զույգ արդեն ամուսնացել է եւ արդեն մեկ տարեկան երեխա ունի:

Էմմա Ալեքսանյանի կազմակերպությունը զբաղվում է տարածաշրջանի հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրներով: 2000 թվականից ի վեր ունեն 600 շահառու: Գյուղում հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական կենտրոն է գործում, քանի որ Կողբից Երեւան դժվար է լինում երեխաներին տանել, այստեղ նրանք վերականգնողական որոշակի բուժում ստանում են: Ճիշտ է, կենտրոնը չունի համապատասխան քանակի մասնագետներ, բայց եղածն էլ, ըստ ՀԿ ղեկավարի, քիչ գործ չի անում: Նշենք, որ մեր այցելությունը Տավուշի մարզ մեդիա նախաձեռնությունների կազմակերպած այցի շրջանակներում էր:

 
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

25.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել