Իսրայելի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարություններից հետո պարզ է դարձել, որ այդ երկրները համաձայնության են եկել վերականգնել դիվանագիտական լիարժեք հարաբերությունները։ Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։
Հարաբերությունների վերականգնման մասին խոսել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հաստատելով, որ Իսրայելը համաձայնել է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Վարչապետ Նեթանյահուն ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական լուրջ ազդեցություն ունենալ Իսրայելի տնտեսության վրա։
Հիշեցնենք, որ նախկինում Իսրայելն ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ էին, երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին 2010-ին, երբ Իսրայելի համապատասխան կառույցները խոչընդոտել էին թուրքական նավերի մուտքը Գազայի շրջան, որի հետևանքով 9 թուրք էր զոհվել։ Անկարան Իսրայելից պահանջում էր ներողություն խնդրել կատարվածի համար և փոխհատուցում տրամադրել զոհվածների ընտանիքներին։