Տե՛ր իմ, Տե՛ր պարգեւատու…,
Բոլորին տիրող հավասարապես…
Գրիգոր Նարեկացի
2015-ը պատմության գիրկն անցավ որպես Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը խորհրդանշող տարեթիվ: Բավական խոսվել է այն մասին, թե Հայաստանն ինչ պատշաճությամբ բարձրաձայնեց քաղաքակրթության դեմ ուղղված մեծագույն ոճիրի մասին, թե հիշատակման օրերին աշխարհը որքան էր զուսպ ու կարեկից, թե ինչ տվեցին մեզ տարելիցի միջոցառումները եւ ինչ կարող էին տալ:
Իմ խորին համոզմամբ Հայոց եղեռնի հարյուրերորդ տարում կատարված ամենամեծ իրադարձությունը կաթոլիկ եկեղեցու կենտրոնում էր
Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ, որը Վատիկանում ցեղասպանության զոհերի համար երբեւէ տրված առաջին պատարագն էր, Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհեց:
Այդպիսով ոչ միայն երկնային պատիվ տրվեց մեր սրբացած հանճարին, այլեւ մեկ միլիարդից ավելի կաթոլիկների անունից ողջ քրիստոնյա աշխարհին հնարավորություն ընձեռվեց ի դեմս Նարեկացու` իրենը դարձնել մի տիեզերական մտածողություն, մի աստվածաշնորհյալ մշակույթ:
Մենք` հայերս, սիրում ենք այլոց կողմից գնահատված լինել, մեր արժեքներն ավելի պայծառ լույսով ենք տեսնում ու վերագնահատում ենք մեր ունեցածը, երբ այն նկատելի է դառնում ուրիշներին: Այս հանգամանքը, ինչպես նաեւ մեր, եթե կարելի է ասել` գենետիկ նարեկապաշտությունը նկատի ունենալով (որքան էլ որ շեղվել ենք մեր ներքին ձեւից)` զարմանալի է, որ Հռոմում տեղի ունեցած այս մեծագույն իրադարձությանը որեւէ գործնական շարունակականություն չտրվեց:
Քրիստոնյա հայի համար Աստվածաշնչից հետո երկրորդ սուրբ գիրքը` Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը` հրաշագործ աղոթագիրք «Նարեկը», եվրոպական վերածննդից դարեր առաջ ազդարարել է վերածնությունը` արարչի հանդեպ մարդու հավատքի քրիստոնեականությունը դիտելով ու մատուցելով տիեզերական բարձունքներից, նորովի:
Այսօր, ավելի քան հազար տարի անց, հարկ է, որ «Մատյան ողբերգության» աղոթագրքի նորանոր թարգմանություններով համաշխարհային գրականությունը հարստացնելու, Քրիստոսի հավատքի բազմախորհուրդ շերտերը աշխարհի համար Նարեկացիով բացելու միջոցառումների ծրագիր մշակվի:
Այն բարձրագույն կոչումը, որ շնորհվեց իրապես տիեզերական հանճարին, կարող է եւ պե՛տք է հիմք հանդիսանա, որպեսզի մենք` հայերս, որ հոգեւոր ժառանգորդն ենք Գրիգոր Նարեկացու, դիմենք Թուրքական կառավարությանը` 10-րդ դարի քրիստոնեական վանական համալիր Նարեկավանքը, որտեղ ուսանել, ապա վանահայր է եղել Նարեկացին, քրիստոնյա աշխարհին վերադարձնելու առաջարկով: Դա պետք է նախաձեռնի Հայաստանի կառավարությունը` հայոց պատրիարքարանի ներկայացմամբ: Այդ հայտը ներկայացնելու համար հիմք ստեղծած կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդը, որն իմաստնություն ունեցավ քննադատելու ցեղասպանությունը, ստալինիզմն ու ֆաշիզմը, չի կարող չանդրադառնալ մեր առաջարկի վերազգային բնույթին:
Նարեկավանքը նոր խորհրդով քրիստոնյաներին վերադարձնելուց հետո կարելի է կազմակերպել միասնական մոմավառություն հիշեցնող մի աննախադեպ միջոցառում. կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների հավատավորները ընդամենը մեկ մոմի գին նվիրաբերելով` կկարողանան մասնակիցը դառնալ Հայոց մեծ եղեռնի ժամանակ ավերված սուրբ Նարեկավանքի վերակառուցմանը: Այդ պարագայում տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու վանքը կվերածվի համաքրիստոնեական աղոթատեղիի, որտեղ միջկրոնական երկխոսության (էկումենիկ) մթնոլորտում աշխարհի բոլոր քրիստոնյաները կկարողանան համախմբվել համաքրիստոնեական իդեալի շուրջ:
ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
«Առավոտ»
25.06.2016