Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորանոր, «ափալ-թափալ» կուսակցություններ

Հունիս 27,2016 12:00

Երկար ժամանակ Հայաստանում նոր կուսակցություններ չէին ստեղծվում: Երեւի դրա կարիքը չկար: Հիմա կա, որովհետեւ Ազգային ժողովի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել: Իհարկե, հարց է առաջանում. եթե քիչ ժամանակ է մնացել, նորաստեղծ կուսակցությունն այդ քիչ ժամանակվա ընթացքում ինչ պիտի հասցնի անել: Հարցը շատ ճիշտ ու շատ տեղին է, որովհետեւ մեր կուսակցություններից շատերն այս քսան ու քսանհինգ տարիների ընթացքում չեն կարողացել որեւէ էական բան անել:

Նոր կուսակցություններից ամենահինը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը հիմնականում խորհրդարանական բուռն ու աղմկոտ գործունեություն է ծավալել՝ ի դեմս պատգամավոր Նիկոլ Փաշինյանի: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի ցուցակով, բայց նրա պատգամավորական բուռն գործունեությունը, փաստորեն, նպաստում ու նպաստելու է միանգամայն այլ կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրին»: Տարօրինակ է, բայց՝ փաստ:

Փաշինյանից բացի՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության այլ անդամներ էլ որոշակի տարաձայնություններ ունեն ՀԱԿ-ի հետ: Այս ամբողջ խառնաշփոթի պատճառն այն է, որ ՀԱԿ-ը, որ քաղաքական դաշինք էր, եւ որի նախընտրական ցուցակով պատգամավոր են ընտրվել ՀԱԿ պատգամավորական խմբակցության անդամները, իրականում նաեւ կուսակցություն է եւ որպես կուսակցություն՝ նաեւ իր նեղ կուսակցական շահերն ու շահագրգռվածություններն ունի, եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հանդիսանում է նաեւ ՀԱԿ կուսակցության ղեկավարներից:

Եթե ՀԱԿ կուսակցությունը չհրաժարվեր իր բազմամյա ՀՀՇ անվանումից, այս քաղաքական խառնաշփոթը դժվար թե տեղի ունենար:

Վերջերս մեր կուսակցություններից եւս մեկը հրաժարվեց իր նախկին անվանումից:
«Օրինաց երկիրը», փաստորեն, վերանվանվեց «Հայկական վերածնունդ»: Հավանաբար ՕԵԿ ղեկավարները, ինչպեսեւ նախկին ՀՀՇ-ի վերջին ղեկավարները, մտածել են, որ իրենց կուսակցության անվանումը ժողովրդի ու ընտրողների մոտ բացասական ռեակցիա է առաջացնում: Իրականում բացասական ռեակցիա առաջացնում են ոչ թե կուսակցությունների անվանումները, այլ տվյալ կուսակցությունների ներկայացուցիչները՝ կոնկրետ մարդիկ, ավելի ճիշտ՝ տվյալ կուսակցության ղեկավար անձինք:

Հիմա անդրադառնանք կուսակցությունների հին եւ նոր անվանումներին: Իհարկե, «Օրինաց երկիրը» բավական հավակնոտ անվանում էր, բայց համաձայնեք, որ «Հայկական վերածնունդն» անհամեմատ ավելի հավակնոտ, ավելի ամպագոռգոռ ու ավելի «լուսավոր» անվանում է: Այդուհանդերձ, մանավանդ լուսավորության տեսակետից «Հայկական վերածնունդը» «Լուսավոր Հայաստանին» չի հասնի: Վերջինս Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծված կուսակցության անվանումն է: Բնականաբար, հենց Մարուքյանն էլ ընտրվել է իր իսկ հիմնադրած կուսակցության ղեկավար: Ինչ վերաբերում է կուսակցության լուսավոր՝ «Լուսավոր Հայաստան» վերնագրին կամ ՕԵԿ-ի նոր՝ «Հայկական վերածնունդ» անվանը, կարծում ենք՝ հայ ընտրողը վաղուց կուսակցություններին անվանումների հիման վրա չի գնահատում կամ ընտրում, եւ այս հանգամանքին ամենից ավելի պիտի Արթուր Բաղդասարյանն ու Էդմոն Մարուքյանը տեղյակ լինեին, քանի որ երկուսն էլ բավական իրատես ու պրագմատիկ գործիչներ են: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցության անվանմանը, այս անվանումը հավակնոտության ու մանավանդ լուսավորության տեսանկյունից զգալիորեն ու նկատելիորեն զիջում է թե՛ «Հայկական վերածնունդին» եւ թե՛ «Լուսավոր Հայաստանին», բայց համաձայնեք, որ սա էլ հակառակ ծայրահեղությունն է. «Քաղաքացիական պայմանագիրը» չափից ավելի անհավակնոտ, հանգիստ եւ շարքային ընտրողի համար ինչ-որ տեղ նույնիսկ անհասկանալի անվանում է:

Բայց վերանանք անվանումներից եւ վերադառնանք իրական ու կոնկրետ մարդկանց, ինչպես նաեւ նախընտրական այս ժամանակաշրջանում վրա-վրա ստեղծված եւ ստեղծվելիք կուսակցություններին, որոնց բոլորի ստեղծման իմաստը նույնն է. հնարավորինս ապահովել ստեղծողների մուտքն Ազգային ժողով:
Կարող էինք, իհարկե, անդրադառնալ նաեւ ուրիշների եւ մանավանդ Օսկանյանի կուսակցություններին, բայց մանավանդ վերջինը, կարծում ենք, կարող է միանգամայն առանձին թեմա հանդիսանալ:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

25.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930