Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Բադալյան. «Մեր երիտասարդ բռնցքամարտիկները բարձրացրին Հայաստանի հեղինակությունը Եվրոպայի առաջնությունում»

Հունիս 27,2016 12:30

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Անապայում անցկացված Եվրոպայի առաջնությունից տուն վերադարձավ մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալով: Այսպիսի արդյունք չէր եղել 1999 թվականից ի վեր: «Առավոտը» զրուցել է ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի հետ:

– Պարոն Բադալյան: Ինչո՞վ եք բացատրում հաջող մասնակցությունը:

– Արդյունավետ նախապատրաստությունով, որն սկսել էինք դեռ տարեսկզբին: Անապայում միջազգային մրցաշարի մասնակցելուց եւ Հայաստանի առաջնությունից հետո կազմավորել էինք հիմնական թիմը եւ նախապատրաստվել: Մարզչական խորհրդի բոլոր առաջարկները մեր ֆեդերացիան եւ սպորտի նախարարությունը լիարժեք իրականացրել են:

Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար Դաուգավպիլս քաղաքում, սակայն վերջին պահին կազմակերպիչները հրաժարվեցին ու մրցաշարը տեղափոխվեց Անապա:

Նախապես պլանավորել էինք մասնակցել 10 մարզիկով, բայց վերջին պահին 91 կգ քաշային Սարգիս Հովհաննիսյանը ոտքը վնասեց: Անպայման ուզում եմ նշել Անապայի մեր հայրենակից, գործարար Ալիկ Ավդալյանին, որն իր հաշվին ապահովեց մեր ժամանումը մրցավայր մեկնարկից հինգ օր առաջ, բնակությունը, սնունդը եւ համատեղ հավաքը Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականների հետ, ինչը դրական ազդեց բռնցքամարտիկների լավ մասնակցության վրա:

– Մեկ արծաթ եւ մեկ բրոնզ: Սպասո՞ւմ էիք:

– Նախապես պլաններ չէինք կազմել: Մեր թիմում կային եւ ուժեղ, եւ համեմատաբար թույլ քաշային կարգեր, որտեղ ես եւ երկրորդ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ընդգրկել էինք նաեւ անփորձ երիտասարդների, որոնք կարող են վաղվա մեր ապագան լինել: Տղաները հիմնականում նախնական մենամարտերում հրաշալի հանդես եկան: Վեց հոգի առանց որեւէ խնդրի կարող էին մտնել կիսաեզրափակիչ: Չորսը այդ խնդիրը կատարեցին: Իսկ մյուս երկուսը դա չկարողացան անել մրցավարների «շնորհիվ»: Չեմ դժգոհում: Բայց դրանք այնպիսի մենամարտեր էին, երբ մեր տղաների՝ երեք ռաունդ հաղթած մարտերը տվեցին մրցակիցներին: Այդտեղ մնում էր ընդամենը ուսերը վեր քաշել ու քմծիծաղ տալ: Ի դեպ, ԱԻԲԱ-ի վերջին կանոնադրությամբ բողոքարկումն ընդհանրապես հանված է: Մենամարտերից մեկից առաջ տեսնելով, որ մրցավարները նրանք են, որոնք «աշխատելու են» մեր տղաների դեմ, առաջարկեցի ընդամենը փոխել այդ մարտի մրցավարական կազմը: Պատասխանեցին, թե դա նոր կանոնադրության դեմ է, բողոքել կարելի է միայն մենամարտից հետո եւ միայն ռինգի մրցավարի գործողությունների դեմ: Ու եղավ այն, ինչից վախենում էի: Իսկ եթե ընդհանուր ասեմ, մեդալների համար պայքարում հայ բռնցքամարտիկները պարտվեցին հավասար պայքարում, եթե չասեմ, մի փոքր առավելություն ունենալով:

– Չեղա՞ն բռնցքամարտիկներ, որոնք չարդարացրին իրենց:

– Իհարկե՝ եղան: Մի դեպքում նախորդ մենամարտերն էին շատ էներգիա խլել, մյուսում՝ արդեն մեդալ ապահոված լինելու միտքը խանգարեց ավելի հավաքված հանդես գալուն: Մեկ հոգուց էլ ինքս եմ դժգոհ եւ այդ բռնցքամարտիկը, ամենայն հավանականությամբ, տեղը կկորցնի երիտասարդական հավաքականում: Իսկ ընդհանուր առմամբ, մեր հավաքականն իր պատրաստվածության աստիճանով հաճելի անակնկալ պարգեւեց բոլորին ու բավականին բարձրացրեց հայկական բռնցքամարտի հեղինակությունը: Դա են վկայում մեր գործընկերների եւ մրցակիցների զարմանքի ու գովեստի խոսքերը, որ ասվում էին գրեթե ամեն օր, ամեն մենամարտից հետո:

Վազգեն Բադալյանը զրույցի ընթացքում ամենայն մանրամասնությամբ վերլուծեց մեր բոլոր բռնցքամարտիկների մրցելույթները, ինչը մեկ նյութի սահմաններում ամբողջությամբ ներկայացնել պարզապես հնարավոր չէ:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

25.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930