Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» հայտարարությունը ռուսականի հետ ՀՀ ՀՕՊ-ի միավորման վերաբերյալ

Հունիս 27,2016 11:09

Հունիսի 27-ին, վավերացնելու նպատակով, վերստին Ազգային ժողովի օրակարգ է մտցվում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: Այսինքն՝ խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի եւ Արցախի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցերում (Հայաստանի եւ Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ) որոշումներն, ըստ էության, կայացնելու է Ռուսաստանը:

Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերջին փշրանքներն օտար պետության հանձնելու փորձ է, այն էլ՝ այնպիսի պետության, որի կողմից թշնամի Ադրբեջանին ավելի քան 5 մլրդ դոլարի նորագույն հարձակվողական սպառազինությունների մատակարարման արդյունքում Բաքուն համարձակվեց պատերազմական գործողություններ սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ պատճառելով մարդկային եւ տարածքային զգալի կորուստներ: Միայն հայ ժողովրդի վճռականության ու հայ զինվորների հերոսական դիմադրության շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել թշնամու շոշափելի առաջխաղացումը եւ խափանել նրա հեռահար ծրագրերը: Անգամ այս ամենից հետո Ռուսաստանն իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարեց, որ շարունակելու է սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին: Մինչդեռ Հայաստանին ընդամենը 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարումը շարունակաբար ձգձգում է՝ փոխարենը, թեկուզ ոչ պաշտոնապես, պայմանավորվելով այս խայտառակ պայմանագրի կնքմամբ:

Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միասնական հակաօդային պաշտպանության համակարգն ի զորու է չեզոքացնելու Ադրբեջանի առավելությունը՝ ոչնչացնելով նրա օդուժը: Փաստորեն հայկական ՀՕՊ-ի կառավարումը հանձնվում է մի պետության, որը չի կարող դիտարկվել որպես վստահելի դաշնակից, ավելին՝ որեւէ երաշխիք չկա, որ Ադրբեջանի հաջորդ հարձակման ժամանակ Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգի մասին պայմանագիր ստորագրած Հայաստանը կկարողանա կիրառել իր ՀՕՊ-ը Արցախի երկինքը պաշտպանելու նպատակով, քանի որ Ռուսաստանը համարում է Արցախն Ադրբեջանի մաս:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է այս խայտառակ համաձայնագիրը Ազգային ժողովում վավերացնելու ցանկացած փորձ եւ կոչ է անում ԱԺ բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել Արցախի հայկական հողերի հանձնման դավադիր նախագծի հերթական բաղկացուցիչ մաս կազմող եւ ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունը հանդիսացող այս փաստաթղթին:

«Ժառանգություն» կուսակցություն

27 հունիսի 2016թ., Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930