2016թ․հունիսի 24-25-ը Հռոմի Պապի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՀՀ Ոստիկանությունն իրականացրեց աննախադեպ ոստիկանական հարձակումներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք ուղեկցվեցին ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերի կոպիտ խախտումներով։
Առանց որևէ օրինական պահանջներ ներկայացնելու՝ օրը ցերեկով Գյումրի քաղաքից առևանգեցին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի 17-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը պատրաստվում էր Հռոմի Պապի այցի ժամանակ հայտարարության տեքստ փոխանցել Պապին՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների խնդիրների մասին։ Երևան քաղաքում Հիմնադիր Խորհրդարանի գրասենյակի մոտից, առանց որևէ իրավական հիմքերի, օրվա տարբեր ժամերին ոստիկանների կողմից բերման են ենթարկվել ընդդիմադիր այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներ Վահրամ Պետրոսյանը, Փայլակ Թևանյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Տիգրան Մանուկյանը, Ռազմիկ Մանուկյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Էլմոն Եղնուկյանը և Միքայել Նազարյանը, որոնցից մի քանիսին հարվածներ են հասցրել բերման ենթարկելու ընթացքում։ Երևան քաղաքի փողոցներից մեկում, առանց որևէ հիմնավորման, բերման է ենթարկվել Տիգրան Մազմանյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ Շահեն Հարությունյանի դեպքի մասին ՀՀ Ոստիկանությանը հաղորդում տալու մտադրության մասին։
Երևան քաղաքի Աբովյան փողոցից բերման են ենթարկվել Ներսես Գևորգյանը, Սևակ Մանուկյանը և Հովհաննես Ղազարյանը: Վերը նշված բոլոր ապօրինությունները ոստիկանության կողմից կազմակերպված հանցավոր խմբավորմանը բնորոշ գործելակերպ են. օրը ցերեկով ՀՀ քաղաքացիների առևանգում՝ թույլ չտալով նրանց՝ իրենց խոսքը, տեսակետը հասցնելու Հռոմի Պապին։ Սա ակնհայտ բռնապետական պետությանը բնորոշ գործելակերպ է, և կարծում ենք՝ Հռոմի Պապի այցը էապես խամրեց, երբ նրան դիմավորողների մի մասին ապօրինաբար ազատազրկում են՝ խոչընդոտելով նրանց ներկայությունը և մասնակցությունը Հռոմի Պապի հանրային հանդիպումներին։ Դատապարտելով ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ կազմակերպված հանցավոր գործողությունները՝ միաժամանակ Հռոմի Պապի և նրան ուղեկցող Վատիկանի պաշտոնատար անձանց ուշադրությունն ենք հրավիրում իրենց դիմավորող Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացված աղաղակող ապօրինությունների նկատմամբ՝ համոզմունք ունենալով, որ կլինի համապատասխան արձագանք և գնահատական։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ