Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե այսքան խեղճ ու անճար է Հայաստանի ժողովուրդը

Հունիս 26,2016 15:23

Որ, մեր ժողովուրդը վերջին 26 տարվա ընթացքում չկարողացավ կտրվել, այնուհետ մեկընդմիշտ մոռանալ և նաև չհասկացավ ու չհարմարվեց այն իրողության հետ, որ այլևս՝ իր բոլոր հարցերը պետք է ինքը լուծի, այլ ոչ թե հույսը դնի պետության վրա, չափազանց զարմանալի ու տարօրինակ է, քանզի այդ ժամանակահատվածում դրանում համոզվելու առիթները շատ ավելի շատ էին, քան անհրաժեշտ էր այդ պարզ իրողության մեջ համոզվելու համար:

Սոցիալիստական համակարգն իր առավելություններով, թերություններով և բացթողումներով հանդերձ, այլևս պատմություն է և լոկ հիշողություն, որից կարելի է միմիայն դասեր քաղել, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև մեջբերումներ անել և ոչինչ ավելին: Պարտադրված պետք է լինենք համակերպվել այն իրողության հետ, որ վայրի կապիտալիզմը /Հայաստանի այսօրվա տնտեսական կացութաձևը/ հիմնովին արմատախիլ է արել սոցիալիստական կացութաձևը /աշխատանք ունենալու լայն հնարավորություններ/, որից ածանցվում են մնացած բոլոր՝ արժանապատիվ ապրուստ, մարդկային նորմալ հարաբերություններ, վաղվա օրվա նկատմամբ հավատ, արտագաղթ տերմինը՝ մարդկանց ուղեղներից իսպառ ջնջված իրողություն և բազմաթիվ այլ հետևանքներ: Այս շարքը իրոք շատ երկար է, որին մասին կարող են վկայել նրանք, ովքեր ապրել են նախկին՝ սոցիալիստական համակարգի պայմաններում: Փաստացի, ներդրվել է մի համակարգ, որտեղ ընդհանրապես արժեքներ չկան, ավելին՝ դրանց կարիքն ընդհանրապես չկա:

Օրինակի համար նշենք, որ ոչ միայն բարոյականություն բառը, այլ այդ տերմինն իր բոլոր՝ կապակցված բովանդակային ասելիքներով և նշանակությամբ, հանգիստ կարելի է դուրս բերել հայոց լեզվից ու հայկական մտածողությունից, քանզի այս համակարգում նման կատեգորիա ընդհանրապես գոյություն չունի: Ավելին, քանի կա այս համակարգը, որևէ արժեքի մասին խոսք լինել չի կարող: Իհարկե, պետք է խոստովանել նաև, որ նման համակարգի ներմուծումն այնքան էլ կախված չէր ժողովրդի կամքից և այդ ամենը Խորհրդային Միության փլուզման հետևանքներից մեկն էր, որի հետ ընդամենը պետք է ճիշտ՝ ճկուն հարաբերվել, քանզի այլ հնարավորություն ուղղակի չկա: Ասվածի /պետք է ժողովուրդն իր հարցերն ինքը լուծի/ վկայություններից է՝ տարբեր ժամանակներում, ժողովրդի կողմից տարաբնույթ բողոքների և անհամաձայնության բազմաթիվ ակցիաները, որոնք մշտապես դեմ են առել և առնում իշխանությունների բիրտ դիմադրությանը՝ տարատեսակ դրսևորումներով և հետևանքներով: Սա գոյություն ունեցող փաստացի վիճակն է, որը բնավ չի նշանակում, որ ժողովուրդը պետք է լլկվի և հաշտվի այս իրողության հետ: Մի հանգամանք կա միայն, որ պարագայում ժողովուրդը պետք է թուլացնի կամ ընդհանրապես /իհարկե, ժամանակավորապես/ դադարեցնի պայքարը իր իրավունքների և մնացած այլ հարցերի համար, եթե դրանով կվնասի Արցախի անվտանգությանը, իսկ մնացած բոլոր դեպքերում պետք է չափազանց զգոն լինի և շարունակի իր պայքարը, քանզի առանց պայքարի, փաստացի ոչ մի լուրջ հարց չի լուծվում:

Պայքարի ճանապարհը թե դրսի հետ, թե ներսում միշտ երկարատև, փշոտ ու դժվարին է լինում և հիմնականում հաղթում է նա, ով ավելի համառ ու անկոտրում կամք է դրսևորում: Նման պայքարում ոչինչ հեշտությամբ չի տրվում: Ինչպես ասում են, պետք է վերցնել, քանզի տվող չկա: Կամ, որ նույնն է. հաղթանակը չեն մուրում, այն պարտադրում են: Հավաքվելով և պատերի տակ խոսելով, ոչ մի հարց չի լուծվում: Կախված բարձրացվող հարցերի կարևորությունից, իշխանությունը միշտ էլ տարբեր կերպ է արձագանքելու այդ հարցերին՝ բարձրացված բողոքներին և ժամանակավորապես անարձագանք է թողնելու միայն այն հարցերը, որոնք տվյալ պահին լուրջ վտանգ չեն ներկայացնում իշխանության համար: Իշխանության համար միշտ էլ ամենամեծ վտանգ են ներկայացնում այն հարցերը /իհարկե, չափազանց կարևոր են նաև դրանց բարձրացման մեթոդները/, որոնք կարող են լուրջ հարված հասցնել իշխանության՝  գոյություն ունենալու կայունությանը և դրա դիմաց իշխանությունը կարող է դիմել /մինչև այժմ էլ միշտ դիմել է/ ամենաբիրտ մեթոդներին և նման դեպքում, նրանց հաջողության գրավականը՝ ժողովրդի քանակի քչության, անհամախմբվածության, անվճռականության մեջ է: Սա պետք է մշտապես գիտակցել: Այլ խոսքով, միշտ գործում է հետևյալ բալանսը. որքան թույլ է ժողովուրդը, այնքան ուժեղ է իշխանությունը և հակառակը:

Այսինքն, ժողովրդի հաջողության հասնելու բանալին՝ նրա համախմբվածության և ուժեղության մեջ է, որին պետք է վճռականորեն և գիտակցաբար մասնակցեն շատ մեծ թվով մարդիկ ու պետք է ամեն գնով փորձեն չզիջել, քանզի մեկ անգամ զիջելն անգամ, ավելի է քաջալերելու իշխանությանը և հիմք է դնելու ժողովրդի՝ զիջումների գնալու արատավոր սովորությանը /ինչպես հայտնի է, սովորությունները միշտ էլ դժվար են վերացվում/: Բոլոր ժամանակներում, բոլոր կապիտալիստական երկրներում մշտապես լուռ հակամարտություն կա իշխանության և ժողովրդի միջև, քանզի նրանք մշտապես կիսելու բան ունեն ու մեկի՝  մեծ կտոր ձեռք բերելը հնարավոր է դառնում միայն մյուսի ունեցածի՝ ճիշտ նույն չափով կորցնելու հաշվին: Հասկանալի է, որ մարդ արարածը /հետևաբար, նաև ժողովուրդը/ վախի բնազդ ունի և ոչ ոք չի կարծում, որ ժողովուրդը ցանկացած իրավիճակում պետք է գնա վտանգավոր քայլերի: Սակայն, կա նաև մեկ այլ իրավիճակ, որի պարագայում, անընդհատ վախկոտ քայլերի դիմելով, հնարավոր չէ հաջողություններ արձանագրել և նույնիսկ ավելին, նման պարագայում իշխանությունները հրաշալիորեն նկատում, արձանագրում և վարպետորեն օգտագործում են ժողովրդի այդ թույլ կողմը՝ հեշտորեն տոնելով հերթական հաղթանակը: Այո  զարմանալի է, սակայն ժողովրդի նկատմամբ տարած ցանկացած հաղթանակ, նրանք իրոք համարում են լուրջ հաղթանակ: Իշխանությունը, հատկապես մեր տիպի երկրներում, հենց այդպիսին է լինում: Ոչ մի դեպքում զարմանալ պետք չէ, քանզի վայրի կապիտալիզմի պայմաններում, դա է իշխանությունների իրական բնութագիրը:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու այսպես մանրամասն ներկայացվեց վերը նկարագրված տեսական շարադրանքը: Եթե կարևորագույն հարցերում /իհարկե, կարելի նաև պնդել, որ ժողովրդին վերաբերվող անկարևոր հարցեր չեն լինում/, ինչպիսիք են, օրինակ. անվստահության կամ ընտրությունների միջոցով իշխանափոխությունը և բազմաթիվ՝ առանցքային նշանակության այլ հարցեր, մեր  ժողովուրդն առ այսօր /1995թ.-ից սկսած/ հաջողություններ չի արձանագրել /ինչպես արդեն վերևում նշվեց, իշխանությունը նման հարցերին չափազանց բիրտ է մոտենում և դրանով պայմանավորված, հաջողության հասնելը ևս, նույն չափով դժվար է/,  ապա դա բնավ չի նշանակում, որ պետք է զենքերն ընդհանրապես վայր դնել և փորձեր չանել՝ գոնե տնտեսական ու սոցիալական բնույթի հարցերը լուծել: Անհավատությունը, անտարբերությունը, անմիաբանությունը, վախկոտությունը և նմանատիպ այլ հանգամանքներն են մեր ժողովրդի անհաջողությունների շղթայի իրական պատճառները, որոնք և, ոչ մի պարագայում, ոչ մի արդարացում չունեն: Օրինակ, ինչպես է մեր ժողովուրդը հանդուրժում այն իրողությունը, որ իր մուծած հարկերի հաշվին, որոշ արտոնյալ հիմնարկների /ասենք՝ Գազպրոմ Արմենիա/ աշխատակիցներ ստանան միլիոնավոր դրամ աշխատավարձեր, կամ որոշ բնագավառներում աշխատած և արդեն թոշակի անցած որոշ անձինք /նախկին պատգամավորներ, դատախազներ, դատավորներ, իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչներ/ ստանան մի քանի հարյուր հազարից՝ մինչև միլիոնից ավելի կենսաթոշակ, այն էլ այն դեպքում, երբ միջին աշխատավարձը մեր երկրում մոտ հարյուր հազար դրամ է, իսկ միջին կենսաթոշակը՝ մոտ քառասուն հազար դրամ: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է մեր ժողովուրդը հանդուրժում նմանատիպ իրողությունները…: Ի՞նչ է, սրանցից էլ է կախված Արցախի անվտանգությունը:

Իհարկե, արդարացումներ շատ կարելի է բերել, սակայն եթե մեր ժողովուրդը շարունակի այս ձևով, ապա և գործազրկությունը, և արտագաղթը, և անարդարությունը, և …, անկանխատեսելի չափերի են հասնելու ու Հայաստանը կանգնելու է կործանման իրական վտանգի առջև…

Հայաստանի փրկության բանալին՝ ժողովրդի պահանջատեր լինելու մեջ է…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Մուսուլմանական երկրներում որքան թույլ է ժողովուրդը, այնքան ուժեղ է իշխանությունը և հակառակը: Մեր նախագահն ծնված ու մեծացած տղա է հենց այս միջավայրի, նրա խելքն էլ այսքան է կտրում, էլ ինչու էք բողոքում:
    Եվ հետո ժողովրդին էս վիճակը ձեռ է տալիս:Չկա մի ընտանիք որ Հայաստանից դուրս չունի գոնե մեկ աշխատող:Դրսից ուղարկած փողը բավարար է որ օրը մի շիշ խմի, առանց աշխատելու պատերի տակ բամբասանք անելով օր կանցկացնի:Էլ դրա ինչին է պետք չագուջով խփի ոչ թե մեխի գլխին«Դա Սերժի գործն է եվ խլել պարզապես անհնար է որովհետեվ դա գեներալի նվեր է» այլ մեխի ծայրին որը սուր է ու խոցելի:
    Աշխարհի բոլոր երկրներում էլ գոյութուն ունեն բոմժեր, բայց Երեվանի բոմժերից ոչ մեկը չունի, քանի որ նրանք 1ՕՕ% ֆինանսավորված են ինենց որդիների կողմից, էլ ինչին է պետք դուրս գա փողոց մի կտոր հացի ուր մնաց դուրս գա պայքարի:Այսօրվա իրավիճակի բուն մեղավորն Երեվանցին է:Քանի դեռ նրանք նամուս ու թասիբ կորցրել են,մինչեվ Երեվանցին դուրս չգա փողոց պայքարի Երեվանից դուրս ժողովուրդը քայլեր չի անի:Միայն մի բան Երեվանցիներին, գոնե դուրս գան իրենց ապրելու բնակավայրի ճանապարհին կանգնեն եվ այսպես ամբողջ Երեվանում չի լինելու ոչ մի մեքենայի շարժ:Դա կլինի հիմնական շարժմն ալիքի ուժը

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930