Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ-ն` Հռոմի պապին. «Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին»

Հունիս 26,2016 14:25

Հռոմի Պապի այցի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

Ձերդ Սրբություն՝ սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հոգեւոր եղբայրներ եւ բարեպաշտ ժողովուրդ,

Առ Աստված փառաբանության օրեր են Սուրբ Էջմիածնում` հոգեւոր բերկրանքի եւ համատեղ աղոթքի առատությամբ: Այսօր սուրբ Պատարագի արարողության ենք համախմբվել՝ աղոթակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ, Մեր սիրեցյալ եղբայր Ֆրանցիսկոս Պապի:

Խորհրդանշական  է, որ սուրբ եւ անմահ այս Պատարագին որպես ընթերցված հնչեց հացի բազմացման սուրբգրական պատմությունը: Ավետարանիչը պատմում է, որ երբ Հիսուս առանձնացավ, ժողովրդի բազմությունը, իմանալով այս մասին, գնաց Նրա հետեւից: Եվ երբ Տերը տեսավ հավաքված բազմությանը, գթաց նրանց եւ բժշկեց հիվանդներին: Երեկոյան դեմ աշակերտները խնդրեցին Տիրոջից ժողովրդին ազատ արձակել, որպեսզի ուտելիք գտնեն: Քրիստոս նրանց պատվիրեց մարդկանց կերակրել: Սակավ էր, սակայն, ուտելիքը, եւ Տերը օրհնեց այն, ու հրաշքով առատացած հացը բավարար դարձավ, որպեսզի առաքյալները կերակրեն հավաքված ողջ բազմությանը:

Այս հրաշագործությունը աստվածային շնորհներով, տերունավանդ ուսուցումներով քաղցյալ հոգիները հագեցնելու, նաեւ՝ գթասրտությամբ կարիքավորներին օգնելու խորհուրդն ունի, որը դարձավ կարեւոր ծառայություններից Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության: Տերը հորդորում է Իր հետեւորդներին հավատքը կենդանի դարձնել գործերով, աղոթքին ու պաշտամունքին զուգակցել ողորմությունն ու գթասրտությունը, կարիքի ու նեղությունների ամոքումը, որոնցով առաքյալի խոսքի համաձայն՝ գործակից ենք Աստծուն (Ա Կորնթ. Գ 9): Այս տեսիլքով Եկեղեցու բազում մարգարեաշունչ հայրեր ու երանաշնորհ հայրապետներ, քաջ ու բարի հովիվներ, հավատքի անթիվ վկաներ ու բարեպաշտ հավատացյալներ դարեր շարունակ Քրիստոսի Եկեղեցու պատմության էջերը պատկերագրել են Աստծո խոսքի նվիրյալ քարոզությամբ եւ ողորմածության ու խնամատարության մեծագործություններով, որպեսզի մարդիկ զորանան հավատքով եւ հավատքի գործերով վկայեն Աստծո ներկայությունը մարդկության կյանքում:

Այսօր առ Աստված հավատքը փորձության է ենթարկվում, եւ մարդկային հոգիները կարծրանում են ինչպես նեղությունների եւ դժվարությունների մեջ, այնպես եւ հարստության ու շքեղության, երբ անհաղորդ են հանապազօրյա հացին կարոտյալ, ցավի ու տառապանքի մեջ ապրող մարդկանց հոգսերին: Հավատքը փորձության է ենթարկվում ծայրահեղական եւ այլ գաղափարախոսություններով, այլատյացությամբ, մոլուցքներով, գայթակղություններով, անձնակենտրոն շահերով: Ուժգնանում են աշխարհիկացման ընթացքները, խաթարվում են հոգեւոր-բարոյական ընկալումներն ու արժեքները, վտանգվում է ընտանիքի աստվածհաստատ կառույցը: Փորձել կառուցել աշխարհ առանց Աստծո, աղավաղել աստվածադիր օրենքն ու պատվիրանները, այս է ժամանակակից կյանքի չարիքի արմատը, որն առաջ է բերում տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական ու տարաբնույթ խնդիրներ, որոնք օրեցօր խորանում են՝ սպառնալով մարդկության բնականոն կյանքին:

Այսուհանդերձ, աշխարհը չի դադարում լինել կենտրոնը աստվածային սիրո եւ խնամատարության: Տերը շարունակում է ձայնել. «Ես եմ կենաց հացը, ով դէպի Ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով Ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի» (Յովհ. Զ 35): Տիրոջ քաղցր վարդապետությունը ճաշակածը խոնարհվում է ընկածին բարձրացնելու, մարդկանց սրտերում հույսն ու հավատքը առատացնելու, հացի բազմացման հրաշքը կրկնելու՝ աջակցելով ու մխիթարելով կարիքավորներին, հիվանդներին ու վշտացյալներին: Տերունապատվեր այս ընթացքներով, հոգեւոր եւ բարոյական արժեքները կենսագործելով է, որ բարին պիտի զորանա աշխարհում եւ հաղթահարվեն արդի մարտահրավերները: Բոլոր բարի գործերը արտահայտում են աստվածային խնամքը մարդկության ու աշխարհի հանդեպ՝ ըստ Տիրոջ խոսքի՝ «արքայութիւնը ներսում, ձեր մէջ է» (Ղուկ. ԺԷ 21), որի հաստատման համար Եկեղեցիներն իրենց սպասավությունն են բերում աշխարհում:

Սիրելիներ, այս օրերին Մեր հոգեւոր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական այցերով ու աղոթքներով վերստին հաստատեցինք, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին մեկ է աշխարհում Քրիստոսի Ավետարանի տարածման, արարչագործության հանդեպ խնամքի, համընդհանուր խնդիրներին դիմագրավելու, Աստծո ստեղծագործության փառքն ու պսակը հանդիսացող մարդու փրկության կենսական առաքելությամբ: Քրիստոսի Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է ազգերի եւ ժողովուրդների միջեւ ամրապնդումը համերաշխության, եղբայրության ու գործակցության, որի վկայությունն է այսօր սրբազան այս Պատարագին մասնակցությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ասորիների, բելառուսների, հույների, վրացիների, հրեաների, եզդիների, քրդերի, գերմանացիների, լեհերի, ռուսների, ուկրաինացիների, ովքեր մեր ժողովրդի հետ եղբայրական համակեցության մեջ իրենց նպաստն են բերում մեր երկրի զորացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին:

Շնորհաշատ այս օրը գոհունակություն է Մեզ համար վերստին հայտնել Մեր շնորհակալությունը Ֆրանցիսկոս Պապին եղբայրական իր այցի առիթով: Մենք եւ մեր ժողովուրդը միշտ պիտի աղոթենք Ձեզ համար, սիրեցյալ եղբայր, եւ ի սեր մարդկության բարօրության ու խաղաղ կյանքի եւ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության Ձեր ջանքերի համար: Թող Տերը պահի Ձեզ կորովաշատ, օրհնի ու հաստատուն պահպանի մեր Եկեղեցիները սիրո միության եւ գործակցության մեջ եւ պարգեւի եղբայրության վկայության նորանոր առիթներ: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Աղոթական հոգով հայցում ենք Բարձրյալն Աստծո ամենախնամ Սուրբ Աջի պահպանությունն ու զորակցությունը պատերազմներից  ու ահաբեկչություններից  տուժածներին, սովի, աղքատության եւ փորձությունների մեջ գտնվողներին: Հայցում ենք մեր Տիրոջ ամենառատ շնորհները մեր կյանքին եւ համայն աշխարհին: Ամեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930