Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապ. «Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների եւ աղքատների ձայնին»

Հունիս 26,2016 13:59

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի խոսքը.

«Այս հույժ ցանկալի եւ ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջ բարձրացնել իմ շնորհակալությունը, միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական եւ գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, եւ զգացինք թէ «ինչ գեղեցիկ եւ ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակվեն» (Սղ 133,1): Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրվեցինք, միասին աղոթեցինք, կիսեցինք ընծաները, հույսերն ու մտահոգությունները, Քրիստոսի Եկեղեցու՝ որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, եւ հավատացած ենք եւ զգում ենք թե մէկ է: «Մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը […]. մէ՛կ Տէր, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն: Մէ՛կ Աստուած եւ Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ» (Եփ 4,4-6). իրոք կարող ենք ուրախությամբ մերը դարձնել Պողոս առաքյալի այս խոսքերը:

Հենց սուրբ Առաքյալների հիշատակին հանդիպեցինք: Սուրբ Բարթուղիմեոս եւ Թադեոս, որ առաջին անգամ քարոզեցին Ավետարանը այս աշխարհում, եւ սուրբ Պետրոսն ու Պողոսը, որ Հռոմում իրենց կյանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագավորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են տեսնելով մեր սերն ու ժրաջան ձգտումը՝ ամբողջական հաղորդության: Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջ, ձեզ համար եւ ձեզ հետ. Փառք Աստծո:

Այս Սուրբ Պատարագի ընթացքում, հանդիսավոր երեգսրբյանը բարձրացավ երկինք, օրհնաբանելով Աստծո սրբությունը. Ամենաբարձրյալի օրհնությունը առատորեն իջնի երկիր, Աստվածամոր, մեծ սրբերի եւ վարդապետների, մարտիրոսների եւ հատկապես բազմաթիվ նահատակների բարեխոսությամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք: «Միածինը որ այստեղ իջավ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հավատացյալներին պարգեւի մեկ սիրտ, մեկ հոգի. մեզ այցելի միութեան մէջ վերահաստատելու:

Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան, իմը դարձնելով սքանչելի խոսքերից ոմանք, որ ձեր Ծեսի մեջ մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխոս ես մեզ համար, անմռունչ հեծություններով ողորմած Հոր մոտ, որ սրբերին պահում ես եւ մեղավորներին մաքրում», թող իջնի մեր վրա քո սիրո եւ միության կրակը, եւ «այս կրակով հալին մեր գայթակղության պատճառները» (հմմտ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատեան ողբերգութեան, 33,5), նախեւառաջ միութեան պակասը Քրիստոսի աշակերտների միջեւ:

Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա եւ մեր միջեւ խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չէ լինի «ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում, այլ առավել ընկալում բոլոր շնորհներին որ Աստված տված է յուրաքանչյուրին՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար փրկագործության մեծ խորհուրդը, իրագործված Տեր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիվ» (Սրբազան Հօր խօսքեր Աստուածային Ծիսակատարութեան ընթացում, Սուրբ Գեորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014):

Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների եւ աղքատների ձայնին, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին եւ իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորիչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լույսին միանա սիրո լույսը՝ որ ներում եւ հաշտվում է:

Ինչպես Առաքյալները Զատկի առավոտյան, տարակույսներով եւ անվստահություններով հանդերձ, վազեցին հարության վայրը, նոր հույսի երջանիկ արեւագալից դյութված (հմմտ. Յվ 20,3-4), նույնպես մենք եւս, այս սուրբ Կիրակին, հետեւում ենք Աստծո կանչին՝ կատարյալ միության եւ արագացնենք մեր քայլերը:

Իսկ այժմ, Սրբություն, Աստծո անունով, խնդրում եմ որ ինձ օրհնեք, օրհնեք ինձ եւ Կաթողիկե Եկեղեցին, օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930