Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցելությունից հետո ավելի ակտիվորեն սկսեց քննարկվել այն հարցը, որ մեզ Ֆրանցիսկոս պապի նման հոգեւոր առաջնորդ է անհրաժեշտ: Մասնավորապես սոցիալական ցանցերը այսօր «ծփում» են Պապի համեստ կենցաղավարության ու մեր որոշ հոգեւոր առաջնորդների հղփացածության միջեւ զուգահեռների բազում օրինակներից: Բոլորն են գիտակցում, որ եկեղեցին չպետք է քրեաօլիգարխիկ համակարգի մաս կազմի կամ սատարի:
Անշուշտ, Հռոմի պապը լավ դաս տվեց բոլորիս` աշխարհիկներին եւ հոգեւոր հայ եղբայրակիցներին, այլ հարց է, թե այդ դասը ով ինչպես ընկալեց, եւ արդյոք ընկալեց:
Ինչ վերաբերում է մարդկային բարձր արժանիքներով ու իսկական հոգեւորականին հարիր որակներով հոգեւոր առաջնորդի փնտրտուքին, այստեղ տեղին է հիշել հայտնի առածը` «Հեռու փնտրես, մոտ կգտնես»:
Հիրավի, Հայաստանում էլ կան կարգին հոգեւորականներ, որոնք իրենց հոտի կողքին են, աշխատում են առանց PR-վելու, ունեն բարձր հեղինակություն եւ վաստակած հարգանք: Այլ հարց է, որ նրանք մեծաթիվ չեն: Նրանցից մեկն, իմ սուբյեկտիվ կարծիքով, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է, որ մինչեւ այս թեմում ծառայություն իրականացնելն էլ սահմանը պահողների կողքին էր, իր սիրելի Տավուշ-ՏաՀույսի հետ: Նա այն քչերից է, որ խավարն անիծելու փոխարեն ճրագ է վառել ու անընդհատ շեշտում է` «Հայաստանս հրաշալի է, իսկ Տավուշս բացառիկ»:
Կարդացեք նաև
Եվ այս միտքը փաստվում է ոչ թե զուտ խոսքով, այլ գործով: Բագրատ սրբազանը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում սահմանամերձ Տավուշում, որտեղ ի տարբերություն հայաստանյան այլ թեմերի, աշխատելը հաստատ ավելի բարդ է: Սրբազանը լայնախոհ է, անկեղծ, համոզիչ, բարի, վարքի մեջ ոչ մի ձեւական բան չկա, նա տարբերվում է այն հոգեւորականներից, որոնց կարծիքով հեթանոս հայը հայ չէ: Ամենակարեւորը նրա համար չկան «էլիտար» հավատացյալներ: Այդ սկզբունքով նա ժամանակին աշխատել է նաեւ Հայ եկեղեցու Կանադայի հայոց թեմում առաջնորդ եղած տարիներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Թող ներեն հոգեւոր դաշտի այն ազնվագույն մշակները, որոնց անունները չտվեցի: Պարզապես Բագրատ սրբազանի օրինակն ամենատպավորիչն էր:
Լուսանկարում` Բագրատ սրբազանը ուտելիք է պատրաստում զինվորների համար:
Ապրեք
Կեցցե Բագրատ եպիսկոպոս Գալստյանը՝ իմ երեք տղա թոռնիկներին կնքողը։
Նախատիպը՝
https://galatv.am/hy/your-voice/151954/
Առաջին անգամ տպագրվել է իմ ֆեյսբուքյան էջում 23-05-2016թ.՝ այլ վերնագրով եւ Գալստանյանի լուսանկարով:
Ընդհանուր առմամբ ուրախ եմ, որ միտքը կտարածվի, քանի որ այն կօգնի մեր համաքաղաքացիներին ճիշտ կողմնորոշվելու:
Կա նաեւ միտքը տարածելու մեկ այլ, կարծում եմ, ավելի վեհանձն տարբերակ, այն է՝ արտատպել նյութը՝ հեղինակի անունով:
Հաջողություն եմ մաղթում:
Հարգելի Լիլիթ Դամիրյան: Ի՞նչ է նշանակում նախատիպը: Ձեր նյութում մի պարբերություն կա այդ մասին: Կարծես թե ուղղակի առիթն օգտագործեցիք մեր կայքի միջոցով Ձեր նյութը տարածելու համար: Ուրախ ենք Ձեզ այդ հնարավորությունն ընձեռելու համար:
Հարգելի Լիլիթ Դամիրյան, ձեր նյութը լրիվ ուրիշ բանի մասին է, իմը՝ այլ:Ասեմ ավելին, անգամ հրապարակված նկարը ձերը չի, որի մասին մի նախադասությամբ գրել եք ձեր նյութում: Երկրորդ՝ դուք ներկայացնում եք մի լրատվամիջոց, որը ի տարբերություն այլ լրատվամիջոցների, երբեք պատշաճ` վերնագրում հղում չի տալիս իր գործընկերներից վերցրած նյութերին, հետեւաբար տեղին չէ վեհանձնության թեմայով բարոյախրատական ոճի ձեր կոչը:
Հարգելի՛ Գոհար Հակոբյան,
Իմ խոսքում նշել եմ, որ ֆեյսբուքյան էջումս եմ առաջին անգամ նյութիս հետ տեղադրել այդ նկարը՝ 23-05-2016թ.: Պատիվ ունեմ ֆեյսբուքով լինելու Արամ Աբրահամյանի ընկերը, եւ եթե նրան հարցնեք, ապա վստահաբար կստանաք խոսքերս հաստատող պատասխան:
Ինչ վերաբերում է կամայական այլ լրատվամիջոցին գնահատական տալու Ձեր մոտեցմանը, ապա այդ մասով եւս չէր խանգարի որոշակի բարոյախրատական աշխատանքը: Կարծում եմ՝ կոռեկտ չէ, երբ որեւէ լրատվամիջոցի լրագրողը փնովում է մյուսին:
Հարգելի Լիլիթ: Սա փնովում չէ, այլ փաստի արձանագրում: Մենք էլ ենք առիթ ունեցել Գալա-ին խնդրել պատշաճ հղում տեղադրել՝ վերնագրում եւ այլն, սակայն անգամ չեն էլ արձագանքել: Ձեր նամակները, որտեղ պարունակվող կշտամբանքների անհիմն լինելը՝ մեր համոզմամբ, ակնհայտ է՝ եթե իրար կողքի դնենք երկու հրապարակումները, ոչ միայն հրապարակում ենք, այլ նաեւ արձագանքում:
Հարգելի՛ Աննա Իսրայելյան,
Ես իհարկե գիտեմ, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Այդ իմաստով մոտեցումը ճիշտ է ընտրված: Սակայն նյութը տարածելու խնդիր չունեմ, քանի որ արդեն իսկ բավականաչափ տարածված է:
Հարգում եմ ՛՛Առավոտ՛՛-ի, ի մասնավորի՝ Արամ Աբրահամյանի գործունեությունը եւ շատ կուզեի, որ օրաթերթը միշտ մնար իր բարձունքում:
Հարգելի՛ Աննա,
Նյութը ՛՛Գալլա՛՛-ին հանձնելիս ես որեւէ նախապայման չեմ դրել: Ինքս էլ դեմ չեմ եղել վերնագրի եւ լուսանկարի փոփոխությանը: Դա իրենց ընկալումն էր, եւ ես ողջունում եմ ցանկացած ազնիվ ընկալում եւ դրանից բխող դիրքորոշում:
Ինչ մնում է Ձեր հրապարակմանը, ապա չասացի, որ նույնն է, բայց նշեցի, որ ազդեցության ակնհայտությունը: Այդ իմաստով ճիշտ կլիներ, եթե նախ տպագրվեր մոտիվացնող նյութը, ապա միայն՝ դրանից բխող հանգամանքներին վերաբերող հրապարակումը:
Հարգելի Լիլիթ, երեւի հիասթափեցնեմ ձեզ, բայց asekose.am-ը
Ձեզանից մեկ ամիս առաջ է նկարը հրապարակել եւ գրել, որ ֆեյսբուքյան հազարավոր օգտատերեր տարածել են այս նկարը:Այսինքն դուք միակը չեք, ավելին՝ շատ-շատերից ուշ «առնչվել» լուսանկարի հետ: Իսկ ընդհանրապես անպտուղ վեճերը ժամանակի անօգուտ վատնում են, դրա համար այլեւս չեմ արձագանքի, միայն asekose.am-ի հղումը կտեսադրեմ որպես ապացույց
https://asekose.am/hy_AM/news/11/219123-orva-kadre-bagrat-srbazane-kerakour-e-patrastoum-hay-zinvorneri-hamar.html
Հարգելի՛ Գոհար,
Այն որ նկարի սկզբնաղբյուրը մեղմ ասած՝ ես չեմ, լավ գիտեմ: Խոսքը ընտրված թեմայի եւ դրա շրջանակներում տեղադրված նկարի հետաքրքիր ՛՛զուգատիպության՛՛ մասին է:
Կարծում եմ՝ խոսքս տեղ հասել է՝ անկախ նրանից այն հրապարակավ ընդունել եք, թե՝ ոչ:
Լավ էր, որ բանավեճն ընթացավ թեմայի շրջանակներում եւ չանձնավորվեց, ինչը խոսում է Ձեր պրոֆեսիոնալիզմի մասին:
Պահոոոոո՜․․․էս,լավ էլ “տուր ու դպփոց” ա))))…Շեֆ, էս ուր ես, հասի)))