Աղացած մսով, համեղ եւ մատչելի այս ուտեստը ինչպես տաք վիճակում է գայթակղիչ, այնպես էլ՝ սառը, եւ կարող է հրաշալի կերպով փոխարինել անհայտ բաղադրության եւ ծագման երշիկներին: Միթլոֆը լավ տարբերակ է պիկնիկների համար, որպես բրդուճի միջուկ, որպես արագ նախուտեստ:
Անհրաժեշտ մթերքները
Տավարի փափուկ միս- 1 կգ (ցանկալի է վերցնել յուղոտ կտոր, կարելի է նաեւ մի կտոր խոզի միս աղալ հետը)
Գլուխ սոխ-2 գլուխ
Սխտոր-2 պճեղ
Սպիտակ հաց-2-3 շերտ
Կաթ-100 գրամ
Կետչուպ-4 ճաշի գդալ
Մանանեխի փոշի- 1 ճաշի գդալ
Աղ- 1 ճաշի գդալ
Սեւ եւ կարմիր աղացած պղպեղներ-0,5-ական թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Կարդացեք նաև
Տավարի յուղոտ, փափուկ միսը լվանալ, լավ չորացնել, կտրատել եւ աղալ: Հացի կտորները (ցանկալի է լինի նախորդ օրվա բատոն կամ «քարի» հաց) մանրացնել, վրան կաթ լցնել: Աղալ նաեւ սոխը եւ կաթի մեջ լավ թրջված հացը: Ավելացնել կետչուպը, համեմունքները, լավ խառնել:
Ուղղանկյուն հրակայուն տարայի (կարող է լինել ինչպես մետաղյա, այնպես էլ՝ հրակայուն ապակուց կամ կերամիկայից) մեջ կարագ քսեք, ապա լցրեք մսի զանգվածը: Գդալով կամ ձեռքով զանգվածը հարթեցրեք այնպես, որ մեջը օդը չմնա: Սխտորի պճեղները շերտատեք եւ խրեք մսահացի մեջ: Վրան շարեք երկու-երեք դափնու տերեւ, մսահացի մեջ մտցրեք 3-4 հատիկ մեխակ եւ նույնքան՝ սեւ, չաղացած պղպեղ կամ հոտավետ պղպեղ: Կարող եք դրա փոխարեն վրան քսել 4-5 ճաշի գալ կետչուպ:
Մսով լիքը տարան դրեք մի քիչ ավելի մեծ հրակայուն տարայի մեջ, որի մեջ 1 սմ բարձրությամբ ջուր է լցված: Դրեք նախապես մինչեւ 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 1,5 ժամով: Ջրային բաղնիքը ձեր «միթլոֆը» շատ հյութալի կդարձնի, չի թողնի, որ չորանա: 1,5 ժամից ստուգեք՝ միսը պատրա՞ստ է, թե՞ ոչ: Եթե ունեք հատուկ ջերմաչափ, խրեք մսահացի մեջ, պետք է լինի 65-70 աստիճան, իսկ եթե ջերմաչափ չունեք, պարզապես փայտե չոփիկ խրեք, եթե հեշտությամբ մտնում-դուրս է գալիս, ուրեմն պատրաստ է: Ջեռոցն անջատեք, թողեք միսը ջեռոցի մեջ առնվազն կես ժամ:
Այնուհետեւ մատուցեք՝ որպես տաք ուտեստ՝ որեւէ խավարտի կամ աղցանի հետ: Կարող եք նաեւ թողնել ամբողջովին սառչի, որից հետո դնել սառնարան, եւ օգտագործել որպես նախուտեստ՝ բրդուճների մեջ դնելու համար:
Միթլոֆն՝ իր մեջ եղած համեմունքների եւ սխտորի շնորհիվ, առնվազն 4 օր կարող եք անվտանգ պահել սառնարանում:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
25.06.2016