«Թանգարանի ստեղծման օրից պարզ դարձավ, որ այն չպետք է լինի միայն որոշակի նմուշներ ցուցադրելու տեղ,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, երաժշտագետ Լիլիթ Հարությունյանը,- քանի որ Կոմիտասի անունը կրող հաստատություն է, պիտի հավատարիմ մնա նրա սկզբունքներին: Վարդապետը մեր երգերը խնամքով հավաքելուց բացի նաև տարածում էր: Մենք էլ փորձում ենք կրթական տարբեր ծրագրերի միջոցով մեր լուման ներդնել հայ երաժշտության տարածման մեջ»:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր անցկացվեց «Հազար ու մի խաղ» գիտակրթական ծրագիրը՝ նվիրված հայկական հարսանեկան երգերին:
«Մենք ահռելի քանակությամբ հարսանեկան երգեր ունենք, որոնք պահպանվել են Սահակ Ամատունու, Կոմիտասի, Միհրան Թումաջյանի, Հայրիկ Մուրադյանի և մեր մյուս երախտավորների կողմից: 19-րդ դարի երկրորդ կեսից նրանք սկսում են հավաքել ու պահպանել դրանք, որովհետև տեսնում էին, որ երբեմն մոռացվում են կամ փոփոխվում ու աղավաղվում: Հարսանեկան երգերից միայն թագվորի (փեսայի) գովքերը կարող են մի ամբողջ հատոր կազմել: Անսպառ նյութ կա ուսումնասիրման և, ինչու չէ, նաև կատարման համար»,- նշեց երաժշտագետը:
Լիլիթ Հարությունյանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ հիմա դրանցից քչերը կարելի է լսել հարսանեկան արարողությունների ժամանակ, բայց նաև նկատեց, որ մեզանում քիչ-քիչ վերականգնվում է այդ ավանդույթը. «Վերջերս մի քանի հարսանիքների եմ մասնակցել: Շատ ուրախացա, որ մարդիկ փորձում էին մեր հարսանեկան գովքերից երգել: Այնպես չէ, որ դրանք մոռացվել են: Հատկապես գյուղերի հարսանիքներում շատ բաներ կան պահպանված: Ավելանալու միտում էլ կա, ինչը շատ ուրախալի է»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ