Հռոմի Պապի հայաստանյան այցի շրջանակում այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված էկումենիկ արարողության ավարտին մի քանի ակտիվիստներ, այդ թվում` «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Նոր Հայաստանի» անդամներ, պարզել են «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառ` այդ կերպ ցանկանալով Սրբազան քահանայապետի ուշադրությունը հրավիրել քաղբանտարկյալների խնդրի վրա: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Նա տեղեկացրեց, որ ոստիկանները, ճանաչելով ակտիվիստներին, նրանց թույլ չեն տվել մուտք գործել հրապարակ, ակտիվիստներն էլ պաստառը պարզել են Աբովյան փողոցի սկզբնամասում: «Բոլորին թողնում էին, բացի մեզանից: Պաստառները խլել են եւ պատռել: Ամեն դեպքում, մենք կարողացանք գոնե համացանցում տեղեկատվությունը տարածել: Մեր նամակը փոխանցել ենք իտալացի լրագրողներին, որոնք եկել էին Պապի հետ: Նրանք խոստացան լուսաբանել»,-պատմեց Սանասարյանը:
«Վախենում են աշխարհն իմանա, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան: Փորձում են ցույց տալ, որ Պապը եկավ Հայաստան, բոլորը բարի են, ոչ մի խնդիր չկա, բայց սա այն վարագույն էր, որը մենք փորձեցինք պատռել»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօրվա ընթացքում բերման են ենթարկվել մի շարք ակտիվիստներ: Շահեն Հարությունյանին արդեն բաց են թողել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը` Սերգեյ Կյուրեղյանի «ֆեյսբուքյան» էջից: