Երեւանի Հանրապետության հրապարակում ավարտվեց էկումենիկ արարողությունը եւ խաղաղության աղոթքը, որը մատուցում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Արարողության ավարտից հետո երկու հովվապետերին մոտեցան Մերձավոր Արեւելքից ժամանած 12 երեխաներ, որոնք մատուցեցին իրենց երկրներից բերած հողն ու ջուրը: Հողն ու ջուրն օրհնելուց հետո այն լցվեց Նոյյան տապանի մանրակերտի մեջ: Մանրակերտը Հռոմի պապն իր հետ Վատիկան կտանի:
12 երեխաները կրում էին հայկական պատմական նահանգների տարազները, նրանցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, որոնք ապաստանել են Մերձավոր Արեւելքի տարբեր հատվածներում՝ Իրան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթից, Եգիպտոսից, Կոնստանդնուպոլսից, Հորդանանից: Իսկ վերջին զույգը Հայաստանից էր, ինչը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը պատմական հայրենիք այս հատվածում:
Կարդացեք նաև
Վերջում Հռոմի պապը մոտեցավ անվասայլակով քաղաքացիներին՝ նա մեկ առ մեկ համբուրեց բոլորին եւ իր օրհնությունը տվեց, նրա հետ նաեւ Գարեգին Բ-ն: Կաթողիկոսի ուղեկցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռացավ Հանրապետության հրապարակից: Արարողության ավարտից հետո հրապարակում շարունակվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրված համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ