Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՀԵՏ ՄԱՏՈՒՑՎԱԾ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
(25 հունիսի, 2016 թ., Երևան, Հանրապետության հրապարակ)
Կարդացեք նաև
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» (Մտթ. Ե 9):
Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Շնորհազարդ հոգևոր եղբայրներ և սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Բարձրյալն Աստծո սուրբ անվան փառաբանությունը մեր շուրթերին՝այսօր քաղաքամայր Երևանի կենտրոնում, Բիբլիական Արարատի օրհնաբեր հայացքի ներքո համախմբվել ենք միասնական աղոթքի: Նոյի երկրից, որտեղ Աստված ծագեցրեց խաղաղության ծիածանը, մեր հայցը բարձրացրեցինք երկինք ի Քրիստոս սիրեցյալ Մեր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ` հանուն աշխարհում խաղաղության հաստատման և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Հուզումով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղոթակից են նաև պատերազմներից, ահաբեկչություններից ու բռնություններից տուժածներ, փախստականներ Ադրբեջանից, փախստականներ Սիրիայից, Իրաքից, ովքեր առ Աստված հույսով սպասում են խաղաղության օրերին իրենց հայրենի բնակավայրերում:
Արդարև, մեկ և կես տասնամյակ առաջ երրորդ հազարամյակը դիմավորում էինք հույսով, որ այն մարդկության կյանքում սկիզբ պիտի առնի ազգերի համերաշխ գոյակցությամբ և պետությունների բարի գործակցությամբ՝ հանուն խաղաղ ու արդար աշխարհի կառուցման: Մինչդեռ ամենօրյա իրականությունը հաճախ գուժում է պատերազմական և ահաբեկչական նորանոր գործողությունների, մարդկային անասելի տառապանքների, անդառնալի կորուստների մասին: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր ազգերի, կրոնների ու դավանանքների պատկանող մանուկներ ու պատանիներ, կանայք ու տարեցներ մահասփյուռ զենքերի և վայրագ բռնարարքների զոհ են դառնում կամ բռնում գաղթականության ուղին՝ ահռելի դժվարություններ հաղթահարելով կյանքի ապահովություն գտնելու համար:
Ճիշտ մեկ դար առաջ այս նույն ճանապարհն էր անցում մեր ժողովուրդը՝ հայտնվելով ծանրագույն իրավիճակի առջև, երբ Ցեղասպանության հետևանքով կորցրել էր հայրենիքի մեծագույն մասը և, ունենալով մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներ, պայքարում էր իր գոյության իրավունքի համար: Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը`իր բնօրրան հայրենիքում: Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան` Ադրբեջանը, խախտելով հրադադարը, ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սանձազերծեց ռազմական գործողություններ: Հրետակոծվեցին և ավերվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղության պաշտպան զինվորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ:
Այս դժվարություններին հանդիման՝ մեր ժողովուրդը ապրում է ցավը նաև այն ավերածությունների և կորուստների համար, որ շարունակվում են Մերձավոր Արևելքում, սոսկալի ահաբեկչությունների համար, որ իրագործվեցին եվրոպական խոշոր քաղաքներում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ասիայի և Աֆրիկայի երկրներում, հոգևոր ու մշակութային այն արժեքների համար, որ անխնա կերպով ոչնչացվում են հակամարտությունների տարածաշրջաններում: Որքա՜ն սրբավայրեր պղծվեցին և արժեքավոր կոթողներ կործանվեցին Սիրիայում, Իրաքում, Արևելքի և Աֆրիկայի երկրներում, որքա՜ն խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանում: Փլատակների, կորստի ցավի ու կարիքի մեջ փլուզվում են նաև մարդկային հոգու արժեքներն ու զգացումները:
Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիների և կրոնական առաջնորդների առաքելությունը չի կարող սահմանափակվել միայն տուժածներին աջակցելով, մխիթարելով և հովվական հոգատարություն ցուցաբերելով: Խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկվեն՝ ջանքերը համատեղելով կանխարգելելու համար չարիքը, միջեկեղեցական ու միջկրոնական գործակցությամբ հասարակությունների մեջ զորացնելու սիրո, համերաշխության ու համագործակցության ոգին՝ ըստ Աստծո կոչի. «Երանի՜ խաղաղարարներին,- ասում է մեր Տերը,- որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»:
Ձերդ Սրբություն, հովվական Ձեր ծառայությունը ակնհայտորեն արտահայտում է աշխարհի խաղաղության ու ազգերի միջև հաշտության տերունավանդ պատգամին Ձեր ամբողջական նվիրվածությունը, որի վկայություններից մեկը եղավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցյալ տարի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ ի հիշատակ մեր անմեղ նահատակների, երբ Դուք Ձեր պատգամում բարձրաձայնեցիք արդարության վերականգնման անհրաժեշտության մասին՝ նշելով. «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքն արյունահոսի՝ առանց վիրակապվելու»:
Այս նույն սկզբունքով առաջնորդված՝ վերջին մեկ տարում Հայոց Ցեղասպանությունը վճռականորեն դատապարտեցին նաև նոր պետություններ ու կազմակերպություններ, օրերս՝ նաև Գերմանիան, որն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցն էր: Մեր ժողովուրդը երախտագետ է Ձերդ Սրբությանը և բոլորին, ովքեր բարձրաձայնում ու պաշտպանում են արդարությունը և ակնկալում է, որ Թուրքիան՝ ունկնդիր Ձեր պատգամին և բազում պետությունների ու միջազգային կառույցների կոչին, քաջություն դրսևորի առերեսվելու պատմությանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը, դադարեցնի նաև զորակցությունը Ադրբեջանի ռազմական խարդավանքներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի դեմ: Արդարև, խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել: «Աստծու կողմից աչառութիւն չկայ,- ասում է առաքյալը,- այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է Նրանից և արդարութիւն է գործում, ընդունելի է Նրան» (Գործք Ժ 34-35): Միայն արդարությունը, որի վրա հիմնված է մարդկանց և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, կարող է դառնալ ամուր հիմքը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և ամենաիրական ուղին հակամարտությունների համապարփակ լուծման:
Այս նպատակի իրագործման համար ջերմեռանդ սրտով աղաչում ենք Աստծուն, որպեսզի ունկնդիր լինի մեր աղոթքներին և Սուրբ Հոգու շնորհների առատ հեղմամբ բարի արդյունքներով արգասավորի եղբայրական սերն ու գործակցությունը Եկեղեցիների: Թող Ողորմած մեր Տերը մաքրի աշխարհը չարի ողբերգություններից և պարգևի խաղաղություն ու ապահովություն: Եվ թող մարգարեական խոսքի համաձայն՝ սուսերներից խոփեր ձուլվեն, սվիններից՝ մանգաղներ, ազգ ազգի դեմ սուր չբարձրացնի, և մարդիկ չսովորեն պատերազմել (հմմտ. Եսայի. Բ 4):
Բարերար Աստծո մեզ պարգևած հանդիպման հոգևոր ուրախությունը Մեր սրտում, մեր Տիրոջ և Փրկչի շնորհը և խաղաղությունը հայցելով բոլորիս՝ հրավիրում ենք Ձեզ, սիրեցյալ եղբայր, Ձեր պատգամը և սիրառատ օրհնությունը բերելու այստեղ համախմբված բազմահազար հավատացյալներին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն