Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում Հռոմի պապի մատուցած պատարագից անմիջապես հետո հանդիսավորությամբ բացվեց Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճը: Այն հեղինակել է գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանը: Նրա տեղեկացմամբ, այն 92 տեղանոց է ու շատ ավելի հարմարավետ, քան ԱԺ նիստերի դահլիճն է: ԱԺ դահլիճը, ըստ ճարտարապետի, ծանրաբեռնված է:
Նկատենք՝ այս դահլիճի գլխավոր առավելությունն այն է, որ այստեղ է տեղադրված Մինաս Ավետիսյանի ռեստավրացիայի ենթարկված «Հայկական հովվերգություն» որմնանկարը: Հենց այս որմնանկարն էլ դահլիճը դարձնում է թանկարժեք ու նրբաճաշակ: Հիշեցնենք, որ հենց այս որմնանկարի վերականգման շուրջ էին վիճաբանություններ ծագել Մինաս Ավետիսյանի որդու ու Գյումրու քաղաքապետի միջեւ: Սամվել Բալասանյանը հրաժարվում էր «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգման ու Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխելու համար «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամին վճարել 55 միլիոն դրամ՝ պատճառաբանելով, որ նախկին իշխանությունների հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ինքը վճարելու է 37 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Հիմնադրամի կողմից պահանջվող մնացած ծախսերը, ըստ քաղաքապետի, ուռճացված էին: Մինաս Ավետիսյանի որդին էլ դժգոհում էր, որ ինքը հայտնվել է Գյումրու երկու քաղաքապետերի արանքում: Նա նշում էր, որ պարտք են մնացել իտալացիներին: Ինչեւէ, այսօր որմնանկարն արդեն զարդարում է քաղաքապետարանի նիստերի դահլիճը:
Մինչ Հռոմի պապը այցելում էր Գյումրու Անի թաղամասում գտնվող «Տիրամայր Հայաստան» կուսանոց, Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցեց դահլիճի բացման արարողությանը: Դահլիճը բացելու պատիվը տրվեց Գյումրու ավագանու անդամներին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ մեծ դահլիճ ունենալով ՝ իրենք հնարավորություն կունենան մեծ թվով քաղաքացիների մասնակից դարձնելու ավագանու նիստերին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ