Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆեդերիկո Լոմբարդիի արձագանքը՝ Հռոմի պապի Հայաստան այցի մասին թուրքական մամուլի հիստերիային

Հունիս 25,2016 19:35

Գյումրու Վարդանանց հրապարակում Հռոմի պապի մատուցած պատարագից հետո «Հոկտեմբեր» կինոդահլիճում տեղի ունեցավ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Գյումրու Վարդանանց հրապարակում կաթողիկե ու առաքելական եկեղեցիների առաջնորդների հնչեցրած համատեղ աղոթքը որակեց որպես կաթոլիկական ու առաքելական եկեղեցիների միջեւ եղած եղբայրական հարաբերությունների դրսեւորում: Նա նշեց, որ Հռոմի պապի այցից հետո Գյումրին մեկ օրով վերածվեց էկումենիկ կենտրոնի:

Ֆեդերիկո Լոմբարդիին սա որակեց որպես պատմական օր Գյումրիի համար: Նա ասաց. «Մինչ այդ պապը երբեք այստեղ չի եղել, մինչ այդ այստեղ չի եղել նաեւ աղոթք հանրային տարածքում՝ կենտրոնական հրապարակում: Պատարագը սովորաբար սրբագործված տարածքում՝ եկեղեցում է մատուցվում: Մինչդեռ այսօր հաշվի առնելով ստվար քանակը առաքելական ու կաթողիկե եկեղեցու հավատացյալների՝ ինչպես ասվեց, սա առաջին անգամն է, որ այսօրինակ մեծ արարողություն է տեղի ունեցել հրապարակում: Տեղական իշխանություններն ավելի քան 23 հազար հրավիրատոմս էին բաշխել: Չեմ կարծում 23 հազար մարդ էր այստեղ, ամեն դեպքում ժողովրդի աննախադեպ քանակ էր հավաքվել հրապարակում»:

Ըստ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի, պապը մեզ շատ մեծ ու սպառիչ ժամերգություն մատուցեց, սա միակ կաթողիկե պատարագն էր, որն նա այս այցելությանն ընթացքում մատուցեց: Վերջինս կարեւորեց նաեւ այն փաստը, որ Հռոմի պապը Հայոց Կաթողիկոսին իր պապամոբիլով շրջագայության հրավիրեց Վարդանանց հրապարակում:

Արտերկրյա լրագրողներից մեկը Ֆեդերիկո Լոմբարդիից հետաքրքրվեց, թե արդյոք Հարավային Ամերիկայում ապրելն ու Արգենտինայում հայկական Սփյուռքի հետ շփվելն են ազդել պապի վրա, որպեսզի նա զգա հայի ցավը: Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենը պատասխանեց, որ Ֆրանցիսկոս պապը բազմաթիվ տարբեր փորձառություններ է բերել Արգենտինայում իր վարած կյանքից՝ էկումենիզմը, ավետարանչական բարեկամությունը՝ հրեաների, ռաբիների, մուսուլման իմամի հետ: «Նա խորը հարաբերություններ ուներ նաեւ հայկական համայնքի հետ այնտեղ: Ես երեկ տեսա հանդիպումը պապի Բուենոս Այրեսի առաքելական եկեղեցու արգենտինահայ եպիսկոպոսի հետ, նրանք լավ ճանաչում են ու լավ բարեկամ էին: Այս իմաստով պապի համար հայ ժողովուրդը ու հայկական պատմությունը նորություն չեն: Պապի համար մեծ ուրախություն է իրական հայկական մշակույթի, պատմության սկզբնաղբյուրին շփվելն այստեղ: Ըստ իս, սա իր համար ցնծություն է, բայց հիմնվում է գիտելիքի ու երկար նախապատմության վրա»,- ասաց Ֆեդերիկո Լոմբարդիին:

Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը, նշելով, որ պապի այցը Հայաստան հիստերիայի մեջ է գցել ադրբեջանական ու թուրքական մամուլին ու հիշեցնելով Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեշնչող պատարագից հետո Թուրքիայի պահվածքը, հարց հղեց մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիին, թե հիմա ի՞նչ արձագանք պիտի սպասել Թուրքիայից: Ֆեդերիկո Լոմբարդին թեեւ նշեց, որ Սուրբ Պետրոս տաճարի արարողությունից հետո որոշակի թյուրիմացական պահեր եղել են, սակայն Սուրբ Աթոռի ու Թուրքիայի իրական հարաբերությունները լավ են: «Ես չեմ կարծում, թե պատճառ կա մեծ խնդիրներ այստեղ տեսնելու: Ինչպես ես արդեն ասացի երեկ երեկոյան, հղումներն անցյալի ողբերգություններին պատմական արվում են ոչ թե վերքերը նորոգելու, վերաբացելու համար, այլ դրանք բացառապես արվում են օգնելու, հիմք կառուցելու փոխադարձ ընկալման, ըմբռնման, երկխոսության ու հաշտեցման համար, միայն այդ նպատակով: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահը նույնպես շատ լավ ձեւակերպումներ ուներ իր խոսքում այս իմաստով: Այսինքն` միտված է խաղաղությանն ու հաշտեցմանը: Նա նույնպես կարծես օգտագործեց ներողամտություն բառը, եթե ճիշտ եմ հիշում այն իմաստով, որով եւ հենց պապը այն օգտագործել էր ՝ խոսելով հիշողության մասին հայ ազգի եւ ժողովրդի: Խոսքը վերաբերում է ապագան կառուցելուն, որը խաղաղության եւ հաշտեցման ապագա է: Փոխադարձ ընկալման ու ներդաշնակության, սա պետք է աներկբա ու հստակ լինի, սա՛ է մտադրությունը: Իսկ եթե թյուր մեկնաբանություն է արվում, դա պապից կամ ինձանից կախված չէ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930