Հանրապետության հրապարակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելությունից ժամեր առաջ արդեն քաղաքացիները հրապարակում էին: Հավաքված կանայք պարծենում էին, թե հատուկ են շուտ եկել, որ Պապին ավելի լավ տեսնեն, իսկ ոստիկանները հորդորում էին՝ իրար չհրել՝ զգուշացնելով, որ եթե այդպես շարունակեն, հնարավոր է ինքնազգացողությունները վատանա:
Տիգրան Մեծ պողոտայից հրապարակ մտնելու համար քաղաքացիների մուտքը նախատեսված էր երկու փուլով, որոնցից առաջինում քաղաքացիները հավաքված իրենց հերթին էին սպասում, իսկ երկրորդում արդեն զննությունն էին անցնում: Երկրորդ մուտքի մոտից՝ առաջին մուտքի տեսարանը նման էր բողոքի ցույցերի՝ մի խումբ մարդիկ էին հավաքված, նրանցից ոմանք բղավում էին, իսկ նրանց դիմաց ոստիկաններ էին, որոնք տեղ-տեղ կենդանի պատ էին կազմել:
Ինչպես եւ բողոքի ցույցերի ժամանակ՝ այստեղ էլ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: Մարդիկ անհամբեր սպասում էին, թե երբ պետք է տեսնեն Հռոմի պապին, շատերին հաջողվեց այդ հրմշտոցի արդյունքում հերթից դուրս գալ եւ անցնել հաջորդ մուտքին: Իսկ հերթի առաջին գծում մնացած քաղաքացիներն էլ փորձում էին ոստիկանների հետ բանակցել, որ իրենց էլ հերթից շուտ առաջ թողնեն:
Կարդացեք նաև
Հռոմի պապ Ֆրանցիկոսը եւ Գարեգին Բ-ն Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք են մատուցելու:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ