Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը զանգվածային բռնություններ է կատարում Հռոմի Պապի այցելության ժամանակ

Հունիս 25,2016 18:15

Քաղաքացիական նախաձեռնության կարգով այսօր՝ 2016 թ. հունիսի 25-ին, կազմակերպվել է Ֆլեշմոբ, որի նպատակն է Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ծրագրով Գյումրի քաղաքում և Երևանի Հանրապետության Հրապարակում կազմակերպվող միջոցառումների ժամանակ Հռոմի Պապին տեղեկացնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին:

Ոստիկանությունը, տեղեկանալով Ֆլեշմոբի մասին, լայնամասշտաբ հատուկ գործողություն է անցկացրել այն կանխելու նպատակով: Ֆլեշմոբի ենթադրյալ մասնակիցներին, որոնք հիմնականում երիտասարդներ են, ապօրինի կերպով ձերբակալում և տանում են ոստիկանություն:

Առաջինը Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջոցառման վայրից այսօր առավոտյան առանց որևէ հիմքի ապօրինի կերպով բերման է ենթարկվել Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին է, որը նրա և ընկերների գործով դատապարտվել է պայմանական ազատազրկման): Նրան փաստորեն առևանգել են քաղաքացիական հագուստով ոստիկանները և Գյումրիից տեղափոխել Երևան, որտեղ նրան տարել են Ոստիկանության կազմակերպված հանցագործություների դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ սպառնալով 72 ժամյա ազատազրկմամբ և պայմանական ազատազրկումը ռեալ ազատազրկմամբ փոխարինելով:

Մյուսներին նույն եղանակով՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից փաստացի առևանգելու միջոցով և բռնության գործադրմամբ, այդ թվում՝ հարվածներ հասցնելով, բերման են ենթարկել Երևանի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր Խորհրդարանի գրասենյակի մոտից, որտեղ գտնվող մի խումբ երիտասարդներ, ովքեր Հիմնադիր խորհրդարանի աջակիցներ են կամ նրանց հետ ծանոթ այլ անձինք, պատրաստվել են մասնակցելու Ֆլեշմոբին:

Բռնություն են գործադրել նաև բերման ենթարկված միակ երիտասարդ աղջկա՝ Էլմոն Եղնուկյանի նկատմամբ: Նրան ձեռքերը ոլորելով նստեցրել են մեքենան՝ ընթացքում հայտարարելով, որ նա իր կամքով է գնում ոստիկանություն: Փաստորեն՝ ոստիկանները հերթապահել են Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մուտքի մոտ և բերման են ենթարկել բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել գրասենյակի շենքից:

Նրանցից մեկի՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Եղիազարյանի ընտանիքի անդամների տեղեկացմամբ՝ այսօր կեսօրին Մասիս քաղաքում գտնվող նրա տուն են այցելել ոստիկանության ծառայողներ և ծանուցագիր են ներկայացրել Մասիսի ոստիկանության բաժին ներկայանալու համար: Ծանուցագիրը կազմված է եղել օրենքի պահանջների խախտմամբ:

Ծանուցագրում նշված է, որ անհայտ անձի ներկայացրած ահազանգով հարուցված քրեական գործով նրան հրավիրում են ոստիկանության բաժին: Մինչդեռ ոստիկանություն հրավիրելու գործողություն օրենքով նախատեսված չէ: Գագիկ Եղիազարյանն այժմ գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում: Բերման ենթարկվածներից Վահրամ Պետրոսյանը, ով գտնվում է Նոր Նորքի ոստիկանության բաժնում, տեղեկացրել է, որ իրեն բերման ենթարկելու պատճառների մասին իր հարցին ոստիկանները պատասխանել են, թե բերել ենք Ձեր անձը ճշտելու համար:

Հետագայում ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնի դարձավ, որ նշված Ֆլեշմոբը ոստիկանությունը գնահատում է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով սահմանված արարք (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով) և դրա ենթադրյալ կազմակերպիչներին ու մասնակիցներին որպես կասկածյալներ բերման է ենթարկում՝ դեպքի հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով:

Մեր ունեցած տվյալներով այս պահի դրությամբ բերման են ենթարկվել Շահեն Հարությունյանը, Գագիկ Եղիազարյանը, Ռազմիկ Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Մանուկյանը, Վահրամ Պետրոսյանը, Փայլակ Թևանյանը, Տիգրան Մազմանյանը, Տիգրան Կիրիշչյանը, Էլմոն Եղնուկյանը, Միքայել Նազարյանը և Սերգեյ Կյուրեղյանը: Լուրեր կան նաև այլ բերման ենթարկվածների մասին, որոնց վերաբեևրյալ տեղեկությունները ճշտվում են:

Իրավունք և աջակցություն հիմնադրամը ոստիկանության այս գործողությունները գնահատում է որպես բացահայտ ապօրինի, իսկ դրանցից տուժած անձանց համարում է քաղաքական հալածյալներ:

Իրավունք եւ աջակցություն հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930