Լրահոս
Օրվա լրահոսը

Երկնային կյանքս վտանգված է

Հունիս 25,2016 14:48

Ճիշտն ասած ես շատ անհավատ մարդ եմ` կրոնական տեսանկյունից, չնայած նրան, որ ինձ քրիստոնյա եմ համարում: Այսինքն, ես ավելի քրիստոնյա եմ, քան իրեն իսկական քրիստոնյա համարող շատ-շատերը: Այսինքն, ես ավելի շատ եմ կյանքում իրականացնում աստվածաշնչյան տասն պատվիրանները, առանց դրանք կարդալու և իմանալու, քան նրանք, ովքեր ամբողջ կյանքում կարդում են, ուսումնասիրում քրիսոնեական կրոնական ուսմունքը:

Այդպես էի նաև անցյալում միակուսակցական խորհրդային հասարակությունում:

-Սեմյոնիչ,-ասում էի ես մեր հիմնարկի ազատ հիմունքներով նշանակված կուսքարտուղարին,-ես ավելի լավ եմ կատարում ձեր կուսակցական կանոնադրության դրույքները, քան ձեզանից շատ-շատերը, առանց կարդալու և տիրապետելու դրան, ինձ պետք է ընտրես պատվավոր կուսակցականի կարգավիճակում, քանի որ ես ձեր նման իսկական կուսակցական անդամ չեմ ուզում լինել:

Իհարկե, Սեմյոնիչը շատ էր ուզում, որ ես դիմում տամ և ընդունվեմ կոմունիստական կուսակցության շարքերը, որ իրենց մեջ էլ ազնիվ ու պարկեշտ մարդիկ լինեին, բայց ես՝ Փայլակ Փանոսի Փայասլյանս, համառությամբ հաղթահարեցի նրա ճնշումները և մինչև հիմա, երբ մեր անկախ երկրում մոտ հարյուր կուսակցություն կա, այդպես էլ մնացել եմ անկուսակցական:

Խորհրդային իշխանությունը փլուզվեց, առաջացան բազմաթիվ կուսակցություններ՝ իրենց ամպագոռգոռ ու զավեշտի հասնող անվանումներով, բայց ես ոչ մեկի ուսմունքն ու գաղափարախոսությունը չընդունեցի: Իհարկե, շատ քիչ կուսակցություններ ունեն դրանցից, մի մասի մոտ էլ այն արհեստական է հնչում: Ես եմ իմ կուսակցությունը, առանց գրանցվելու պետռեգիստրում:

Ուրեմն, ես Փայլակ Փայասլյանս, հրաժարվելով կրոնական և կուսակցական, օրենքով հաստատված կազմակերպությունների անդամ դառնալուց, հանկարծ ինձ ցանկանում են Եհովայի վկա դարձնել: Բա, եղա՞վ:

Ինձ համար նստած համակարգչի դեմ խիստ գիտական թեմաներ էի ուսումնասիրում, մեկ էլ լսում եմ դռան զանգը: Գնում եմ բացում և երկու պառավ տիկիններ ներս են խուժում:

-Հոպ,-ասում եմ ես,-մի հատ դուրս եկեք ու նորից զանգը տվեք:

Նրանք լսում են իմ հրահանգը, դուրս են գնում, ես ծածկում եմ դուռը ու նրանք նորից սեղմում են զանգի կոճակը: Ես բացում եմ դուռը ու դեռ կիսաբաց դռներից նրանք նորից փորձում են ներս խուժել:

-Չեղավ, դուրս եկեք, նորից զանգը տվեք,-ասում եմ ես:

Նրանք նորից են դուրս գալիս, ես նորից եմ փակում դուռը ու նրանք նորից հնչեցնում են զանգը, իսկ ես կրկին բացում եմ դուռը: Նրանք նույն արագությամբ փորձում են ներս մտնել: Ես երրորդ անգամ եմ նրանց դուրս հրավիրում, բայց այս անգամ բացատրում եմ, թե ինչպե՞ս պետք է վարվեն, զանգը տալուց հետո, երբ ես դուռը կբացեմ:

-Երբ զանգը տալիս եք և ես դուռը բացում եմ, այդպես թափով ներս մի խուժեք, այլ սկզբից բարևեք, ապա հարցրեք, կարելի՞ է ներս մտնել: Եթե ես կհամաձայնեմ ու ձեզ ներս կհրավիրեմ, միայն այդ դեպքում ներս մտեք, եղա՞վ:

Չորրորդ փորձից հետո միայն ես նրանց ներս թողեցի, քանի որ կատարել էին իմ հրահանգը, հրավիրեցի բազմոցի մոտ՝ նստել և շարադրել իրենց ասելիքը: Նրանք էլ հապշտապ սեղանին փռեցին իրենց զանազան կրոնական թեմաներով կազմված քրքրված բրոշյուրները և իրար հերթ չտալով սկսեցին իմ գլխին զանազան հեքիաթներ կարդալ, աստծու ողորմածությունից խոսել, իսկ ես հարցնում եմ.

-Էդ ձեր աստծուն կբերե՞ք ինձ ցույց կտա՞ք:

Նրանք էլ՝ թե, “ո՞նց ցույց տանք, նա երկնքում, մենք երկրի վրա”:

-Ես, անկուսակցական, անհավատ մարդ եմ, նյութապաշտական (մատերիալիստական) փիլիսոփայության ջատագով, գաղափարապաշտ (իդեալիստ) տեսության կողմնակից չեմ, ինձ դժվար է համոզել ձեր քարոզներով, ես պետք է ասածը տեսնեմ, շոշափեմ, որ հասկանամ:

-Բայց աստված անտեսանելի է, տիեզերքում, ո՞վ կարող է նրան տեսնել,-հակառակում են նրանք,- դու աբսուրդ բաներից ես խոսում:

-Լավ, ասում եմ ես, այս հարցում մենք տարաձայնություններ ունեցանք, հիմա մի ուրիշ հարց է ինձ հետաքրքրում, եթե ես դառնամ ձեր կազմակերպության անդամ, թոշակառու մարդ եմ, այն  նորմալ ապրելու համար չի հերիքում, ինչքա՞ն ինձ կվճարեք ձեր անդամության համար:

-Ի՜նչ վճար, ի՜նչ բան, ա՛յ մարդ, հո խելքդ չես թռցրել:

-Բա իմ շահը ո՞րն է, որ դառնամ ձեր կազմակերպության անդամը:

-Երբ դառնաս մեր կազմակերպության անդամ, մեր հովիվը քեզ լավ կբացատրի այդ մասին:

-Ինչի մենք ոչխար ե՞նք, որ հովիվ էլ ունենանք-,միամտորեն արձագանքում եմ ես:

-Արի՛, արի՛ գնանք, էս մարդը ցնդած է,-ասաց պառավներից ավելի երիտասարդը ու հավաքելով իրենց ողջ“գրականությունը” առանց հրաժեշտի խոսքեր ասելու՝ դուրս եկան բնակարանից:

Հիմա չգիտեմ, ես ճիշտ վարվեցի արդյո՞ք նրանց հետ երկրի վրա:Բա որ երկինք գնամ այնտեղ արդեն իմ մասին հայտնած լինե՞ն:

Երկնային հավիտենական կյանքս`իմ անհավատության պատճառով վտանգի ենթարկեցի, իբր երկրի վրա մի լավ օրի էի, հիմա էլ անհանգստանում եմ երկնայինի մասին: Դուք ի՞նչ խորհուրդ կտաք:

Սիմակ Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Սիրելի Փայլակ: Ժայռ ես, քո ծով համբերությամբ: Եհովայի վկաների ներկայությամբ իմ մեջ զարմանալի և ինձնից անսպասելի, ցանկություն է արթնանում և այն էլ այնքան ուժգին և հախուռն, որի դեմ ես անզոր եմ գտնվում : Ես սկսում եմ … հայհոյել ամենավերջին բառերով, ինչպես ասում են «շոֆերի նման»: Դրա բացատրությունը ես չեմ կարողանում գտնել, քանի որ հայհոյանք չեմ սիրում: Բայց դա օգնում է, որ նրանք ինձնից հեռու մնան:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930