Հայտնել ենք, որ հունիսի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 25-ամյա Արսեն Խոջոյանը դանակահարել է համագյուղացի 17-ամյա աղջկան: Վերջինիս ծանր վիճակում տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն, վիրահատել, սակայն նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել: Մահացածը Լոռու մարզու Շնող գյուղում 1999թ. ապրիլին ծնված Աստղիկ Հանիսյանն է:
Նախկինում հայտնել ենք, որ Աստղիկ Հանիսյանը 2015թ. ապրիլի 25-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխա է ունեցել, իրավապահներին կեղծ տեղեկատվություն հայտնել, իբր երեխայի հայրը Վերին Կարմիրաղբյուրում բնակվող իր խորթ հայրն է: Սուտ մատնություն կատարելու համար Ա. Հանիսյանը 2015թ. դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով դատապարտվել է 3 ամիս ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է մեկ տարի փորձաշրջան:
Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը այդ վճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել, պատճառաբանելով, որ կատարված հանցանքը Տավուշի մարզի դատարանի ընդդատյա չէ, քանի որ դեպքը կատարվել է Երեւանում: 2016թ. մարտի 31-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելով՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել է, գործն ուղարկվել է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ ընդդատության քննության: Այդ դատարանում հունիսի 30-ին պետք է կայանար նշված գործով հերթական նիստը:
Վերին Կարմիրաղբյուրից ստացված հավաստի տեղեկություններով՝ Արսեն Խոջոյանը եւ Աստղիկ Հանիսյանը մտերիմ հարաբերություններ են ունեցել: Հունիսի 24-ին նրանք գյուղի «Ճակատի աղբյուր» տեղանքում հանդիպել են, որի ժամանակ Աստղիկ Հանիսյանը վիրավորական արտահայտություն է արել ոչ սթափ վիճակում գտնվող Արսեն Խոջոյանի հասցեին, որը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան: Ա. Խոջոյանը 2014թ. ապրիլի 10-ին ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո բուժվել է Երեւանի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Աստղիկ Հանիսյանի սպանության գործով նշանակվելիք դատահոգեբուժական փորձաքննությունը կպարզի՝ Արսեն Խոջոյանը մեղսունա՞կ է:
Կարդացեք նաև
Հավելենք՝ ձերբակալված Արսեն Խոջոյանը դեռ չգիտի, որ դանակահարությունից հետո Աստղիկ Հանիսյանը բժշկական կենտրոնում մահացել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ