Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոտիները ձգելու տեղ ունե՞նք, ինչպե՞ս նվազեցնել անարդյունավետ ծախսերը». «Հրապարակ»

Հունիս 25,2016 13:10

Հունիսի վերջին գերատեսչությունների, պետական մարմինների ղեկավարները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները ծախսերի կրճատման վերաբերյալ։ Արդյոք դեռ գոտիները ձգելու տեղ ունե՞նք, ինչպե՞ս նվազեցնել անարդյունավետ ծախսերը։ «Հրապարակի» զրուցակիցն է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը։

Ե՞րբ ենք ունենալու օպտիմալացման վերջնական պատկերը։

– Օպտիմիզացիան պետք է նախարարություններն անեն։ Հիմա բոլոր նախարարություններն ամփոփում են իրենց կատարած աշխատանքները, երկու օրից ներկայացնելու են ֆինանսների նախարարությանը, որպեսզի ամբողջական սկզբունքների հիման վրա մենք մեր հերթին կառավարությանը ներկայացնենք։

 Ծառայողական մեքենաների, հանգստավայրերի կառուցման, գործուղման ծախսերը պլանավորելիս կարող են անարդյունավետ ծախսեր լինել։ Դրանք չե՞ն կրճատվելու։

– Համաձայն եմ, որ ծախսերն այստեղ պետք է ռացիոնալ լինեն։ Բայց երբեմն տպավորություն ես ստանում, որ ծառայողական մեքենաների կրճատումը փրկարար փայտիկ է, որով մեր բոլոր ցանկությունները ֆինանսական բնագավառում կիրականացվեն։ Իրականում, ֆինանսական տեսակետից դա մեծ արդյունք չի տալու։ Պետական բյուջեի ծախսը 1,3 տրիլիոն դրամ է։ Մենք ունեինք 1000-ից ավելի մեքենա, ուղղակիորեն պետական բյուջեից ֆինանսավորվող, որոնց պահպանման ծախսերը 1 մլրդ. դրամ են։ Այսինքն, եթե մենք բոլոր մեքենաները կրճատենք, ապա ընդամենը 1 մլրդ. դրամ կկրճատենք։ Հարցը կարեւոր է, իհարկե, բայց հարցի կշիռը մենք կարող ենք հասկանալ, եթե այդ 1 մլրդ.-ն բաժանենք 1,3 տրիլիոն դրամի։ Բայց վերջին քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվել է մեքենաների նորմատիվին։ Նորմատիվը հետեւյալն է․ նախարար, տեղակալներ, աշխատակազմի ղեկավար, նաեւ որոշ ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարներին է տրվում ավտոմեքենա։ Կան նաեւ նյուանսներ։ Օրինակ, հարկային տեսչության շրջանային տեսչությունները, որոնք պետք է ունենան մեքենա, որովհետեւ տեսչական աշխատանքը ենթադրում է անընդհատ տարածքից տարածք տեղափոխվել։ Մյուս կողմից՝ չեք գտնի դեպք, երբ, մեքենաների ավելացման հետ կապված, ֆինանսների նախարարությունը սիրահոժար համաձայնություն տված լինի։ Ուղղակի ուզում եմ ասել, որ մենք էլ պարտավոր ենք ծայրահեղության մեջ չընկնել։ Ի վերջո, մենք պետություն ենք, որն ունի արարողակարգային խնդիրներ։ Մենք ապրում ենք մի համակարգում, որտեղ մեծ շփումներ կան, ԵՏՄ-ի մեջ ենք մտել։ Բաներ կան, որոնց պետք է նաեւ պետական ատրիբուտների տեսանկյունից նայել։ Ես ականատես եմ եղել ժամանակին, թե ինչպես մի երկրում մեր դեսպանը տաքսիով էր եկել ու հեռու էր կանգնել բոլորից՝ անհարմար զգալով։

Սյուզան Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930