2016թ. հունիսի 24-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցի առաջին օրը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր։ Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցելությանն անդրադարձել են միջազգային գրեթե բոլոր լրատվականները։
Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել փաստը, որ Հռոմի պապը Հայաստանում նույնպես արտասանեց ցեղասպանություն բառը։ Այսպես, ամերիկյան The New York Times պարբերականն անդրադառնալով Ֆրանցիսկոսի այցին՝ գրում է. «Պապը ևս մեկ անգամ ներխուժեց մեծ քաղաքականության առանցք՝ Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ, երբ ցեղասպանություն որակեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում 1.5 միլիոն հայերի կոտորածները»։
Շարունակելով Պապի այցելության մասին թեման՝ լրատվամիջոցը գրել է, որ Ֆրանցիսկոսի ելույթները միտված էին նաև Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած կոնֆլիկտների հաղթահարմանը։
Բրիտանական The Guardian-ը նույնպես ուշադրություն է դարձրել հանգամանքին, որ Պապը 2015թ. ապրիլից հետո ևս մեկ անգամ արտասանեց ցեղասպանություն բառը։ Պարբերականը ներկայացրել է Պապի այցելության օրակարգին վերաբերվող մանրամասներ, ինչպես նաև նրա օրհնությունը ստանալ հաջողած ներկաների տպավորությունները։
Կարդացեք նաև
Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարած այցելության մասին BBC-ն գրում է. «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայում սպանված 1.5 միլիոն հայերի մասին խոսելիս Պապը կրկնեց ցեղասպանություն բառը, ինչը տխրեցրել էր Թուրքիային մեկ տարի առաջ»։
Մեկ այլ հեղինակավոր aljazeera պարբերականը նշում է, որ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործեց ցեղասպանություն բառը՝ չմտահոգվելով Թուրքիայից սպասվող հնարավոր կոպիտ արձագանքներից։
nbc news պարբերականն էլ ուշադրություն է դարձրել հանգամանքին, որ Ֆրանցիսկոսն առաջին Պապն է, որ ժամանում է Հայաստան և արտասանում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը։