«Վախից Շահենին մի կողմ տարան»
Համացանցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարություն էր տարածել, թե Գյումրիում բերման է ենթարկվել Շահեն Հարությունյանը: Aravot.am-ը խնդրեց նրան ներկայացնել կատարվածի մանրամասները:
«Շահենը դեպի հրապարակ քայլելիս է եղել, եւ ճանապարհին մոտեցել են եւ բերման են ենթարկել: Շահենը որեւէ քայլ չի իրականացրել, ազատ իր համար քայլելիս է եղել, որեւիցե պաստառ ձեռքին չի քայլել, որի իրավունքը ուներ: Բայց ոստիկանությունը, հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին եւ ուղղակիորեն տեղյակ էին, թե ինչ էր անելու: Իսկ Շահենը ուղղակիորեն իրացնելու էր իր իրավունքը՝ ուղղակի Պապին ողջունելուց ասելու էր, որ Հայաստանում՝ առաջին քրիստոնյա երկրում կան քաղաքական բանտարկյալներ, եւ Պապի միջոցով նրանց ազատ արձակելու կոչ էր անելու: Բայց ոստիկանները կոպտագույն կերպով խախտել են Շահենի իրավունքները եւ հիմա Շահենը երեւի արդեն ոստիկանությունում է»,- ասաց նա:
Դավիթ Սանասարյանը համարում է, որ ոստիկանության նման պահվածքը նորություն չէ. «Վախկոտ իշխանություններն են փորձում մարդկանց լռեցնել նման ձեւերով: Պատկերացրեք, որ Շահենի քայլից հետո, իրենք հասկանում էին, որ դիմակազերծվելու էին, ամբողջ աշխարհի լրատվամիջոցները որոշակիորեն լուսաբանելու էին այն, ինչ-որ Շահենն էր անելու: Վախից Շահենին մի կողմ տարան, որպեսզի չկարողանա իրականացնի իր քայլերը: Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, եւ մարդու իրավունքների պաշտպանը եւ բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետեւեն, այս մասին խոսեն»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք նմանատիպ ֆլեշմոբին՝ Դավիթ Սանասարյանը ասաց, որ եթե ամեն քաղաքացի դա կատարի, ոստիկանությունը նման գործողություններ չի կարող իրականացնել. խայտառակ կլինի. «Բայց եթե մի քանի հոգի անեն, բնականաբար, իշխանությունները կհաջողացնեն մարդկանց մեկուսացնել, կամ այսպես ասած, Պապին իզոլացնել: Ամբողջ աշխարհում Պապը շփվում է մարդկանց հետ, Հայաստանում է միայն, որ այդ ձեւով են պահում իրենց»:
Լուսանկարը՝ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ