Առավոտյան ժամը 7-ից սկսվել է հավատացյալների հոսքը Գյումրու Վարդանանց հրապարակ: Առաջինն այստեղ էին շտապել օտարերկյա ուխտավորները: Այսօր Գյումրու բոլոր փողոցներում աշխատում են մայրաքաղաքի ոստիկանները: Մանրակրկիտ ստուգվում են բոլորի պայուսակները, արդեն իսկ շատերի մոտից վերցրել են երկաթյա իրեր:
Հրապարակ մուտք գործող կանանց Հռոմի պապի նկարով գլխաշոր, տղամարդկանց գլխարկներ, շշով ջուր ու Սուրբ պատարագի արարողությունը ներկայացնող գրքույկ են բաժանում: Խորանի վրա դեռ աշխատանքներ են տարվում.այս առումով Գյումրու քաղաքային իշխանությունները բավական անհանգիստ են, շուտով սկսվելու է պատարագը, իսկ խորանը դեռ պատրաստ չէ:
Կարդացեք նաև
Գյումրեցիները հրապարակ են գալիս մեծ հպարտությամբ.նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում պատմական այս պահին մասնակցելը համարում են մեծ երջանկություն: Գյումրեցիներից մեկը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հռոմի պապն իր այցով կփոխի Գյումրու մթնոլորտը. աղոթք բարձրացնելով առ Աստված` նա վերջ կդնի այս քաղաքում վերջին շրջանում միմյանց հաջորդող դժբախտություններին:
Մեր զրուցակիցը հիշեցնում է Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարը, Ավետիսյանների սպանությունը: Բավական հարմարավետ աշխատանքային պայմաններ են ստեղծված լրագրողների համար Հոկտեմբեր կինոդահլիճի ներսում: Այս պահին արդեն Վարդանանց հրապարակը լեփ-լեցուն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ