Լրահոս
Օրվա լրահոսը

Թերեւս ոչ թե կամ… կամ, այլ եւ… եւ

Հունիս 25,2016 18:30
merujan Ter-Gulanyan

Այնինչ ուզում էի գրել երեկվանից սկսված արեւադարձի մասին եւ հայտնել զարմանքս` թե ինչպես է, որ ծառը զգում է արեւադարձը, բայց մարդը չի զգում…
Ծառն, այո, զգում է եւ արեւադարձի հաջորդ օրվանից այլեւս չի աճում. իր ուժը հավաքում տալիս է կեղեւին, ամրացնում է կեղեւը, որ դիմանա ձմռան ցրտերին:
Իսկ մենք մտել ենք համացանց ու շարունակ ոչնչացնում ենք իրար, չենք հանդուրժում երկրորդ կարծիք` մոռանալով, որ երկրորդ կարծիք բոլորովին էլ չի նշանակում երկրորդական կարծիք, ինչպես նաեւ վտանգավոր է բառն անտեղի հնչեցնելը… Եվ ափսոս, որ արդեն ժամանակ չունենք արեւադարձն ապրելու…
Այդպես մտածում էի եւ չէի հասկանում, կամ գուցե նաեւ չէի սիրում Ավետարանի հնչեցրած հոգով աղքատներին, որոնք պետք է ժառանգեին երկնքի արքայությունը: Գրեթե վստահ էի, որ հետագայում Ավետարանիչն է հավելել, եւ Քրիստոսի շուրթերով չէ, որ ասվել էր այդ խոսքը: Թե ինչպե՞ս կարող էր հոգով աղքատը երկնքի արքայությունը ժառանգել, երբ նա կարող էր ընդամենը համամիտ լինել անմեղսունակ կենդանիներին:

Այնինչ գաղտնիքը մեկ այլ տեղում էր, մեկ այլ խոսքում` Հայկազյան բառարանում, ուր հստակ մեկնաբանվում է աղքատ բառը, եւ պարզվում է, որ աղքատ հայերեն նշանակում է նաեւ կարոտյալ:

Ու այս հստակ բացատրությունն ամեն ինչ դրեց իր տեղում. այսինքն` ոչ թե երանի հոգով աղքատներին, այլ երանի հոգով կարոտյալներին, ովքեր ուզում են լսել Աստծո խոսքը եւ մոտենալ Նրան: Եվ այս դեպքում ճիշտ է, որ նրանք արժանի են երկնքի արքայությանը, քանզի այդ հոգով աղքատները՝ կարոտյալները, նրանք են, ովքեր ուզում են ավելի շատ իմանալ, ճանաչել, ավելի շատ գիտենալ, բայց ոչ կուտակել:
Նրանք են, ովքեր ելնում են իրենց խոսքով եւ հավատով կրթելու սեփական Ցեղը, ձգտում են հոգով հարստացնել նրան եւ, որպես կանոն, ինչպես իմ Մարտին Միքայելյան ընկերը կասեր, ամեն անգամ տուն են վերադառնում սրբի նման ձեռնունայն` շարունակ մնալով կարոտյալ:

Մտածում էի նաեւ, որ չի կարելի ճանապարհ ելնել, ինչպես մայրս կասեր՝ չնչհավատների հետ, որոնք չեն հանդուրժում երկրորդ, երրորդ կարծիք, քանզի իրենցից դուրս մնացյալը ութերորդական է:

Այնինչ արեւադարձից հետո ծառերը շարունակ ամրացնում են իրենց կեղեւները` մեզ ցուցանելով պահպանել սեփական նվաճումները, հաստատել իրենց եւ ուրախանալ՝ ուրախացնելով մեզ՝ Ծառը տեսնողներիս:

Այդպես ես ուրախացա, երբ տարիներ առաջ հայերեն հրաշալի թարգմանությամբ տպագրվեց մեր հայենակից Դովլաթով մեծ գրողի ժողովածուն եւ այն տպվեց ոչ թե Երեւանում, այլ Ստեփանակերտում: Այսինքն թե` Արցախում, սահմանը պահող Զինվորից բացի, հոգեւոր Ծառը նույնպես սկսեց ամրացնել իր կեղեւը՝ դիմանալու աշխարհի ցրտին եւ պահպանելու իր ներսի լույսը, եւ սկսեց ապրել ոչ թե կամ… կամ, այլ եւ… եւ:

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

24.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930