Ճիշտ էր «կո՞ղմ», թե՞ «դեմ» քվեարկելը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) այդպես էլ չկայացրեց քաղաքական որոշում` մոնիտորինգ իրականացնել Թուրքիայում: Սա է պատճառը, որ առանձնապես պետք չէ ոգեւորվել եւ հաղթանակ համարել այն, որ Վեհաժողովը երկու օր առաջ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում ձայների 96 «կողմ» 24 «դեմ», 10 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը: Այստեղ քննադատության է ենթարկվում խոսքի ազատության վիճակը Թուրքիայում, շեշտադրվում է ժողովրդավարության ապահովման ոլորտում խնդիրների, հետապնդումների հարցերի հրատապ լուծումը: Մտահոգություն կա այն մասին, որ բազմաթիվ պատգամավորներ զրկված են անձեռնմխելիությունից, որ հարյուր հազարավոր կայքեր արգելափակված են եւ այլն:
ԵԽԽվ հայկական պատվիրակությունը ոչ միանշանակ է քվեարկել զեկույցին: Մասնավորապես «կողմ» են քվեարկել ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «դեմ» են քվեարկել զեկույցին: Օրինակ` Արմեն Ռուստամյանն իր «դեմ» քվեարկելը պատճառաբանում է նրանով, որ ԵԽԽՎ-ն քաղաքական որոշում չի կայացրել, իսկ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` «զեկույցը գոլորշի բաց թողնվելու պես մի բան էր»:
Ի վերջո, պե՞տք է ոգեւորվել զեկույցի ընդունման փաստով, ինչպես շատերն են անում, թե՞ անհրաժեշտ է ավելի սառը դատել:
Կարդացեք նաև
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն, այնուամենայնիվ, այս փաստում դրական միտում տեսնում է:
«Առավոտի» հետ զրուցում նա նշեց, թե ԵԽԽՎ-ն չի կարող հաշվի առնել մեր կարծիքը եւ այնպիսի որոշումներ ընդունել, որ մենք գոհ մնանք: Այնուհետեւ ասաց. «Այն, որ Թուրքիայի նկատմամբ բանաձեւ է ընդունվել, դրական միտում է: Եվրոպան միշտ էլ Թուրքիայի նկատմամբ վերապահումներ ունի. նա զգույշ է կառուցում հարաբերությունները Թուրքիայի հետ: Չեմ էլ կարծում, որ այս փուլում եվրոպական որեւէ կառույց կտրուկ որոշում կկայացնի Թուրքիայի նկատմամբ»: Պարոն Հարությունյանը մի կողմից՝ իմաստ չի տեսնում զեկույցով ոգեւորվելու համար, մյուս կողմից՝ լավատեսական միտումը, ըստ նրա, ակնհայտ է:
Համլետ Հարությունյանը փաստեց, որ Թուրքիան իր փոքր եղբայր Ադրբեջանի հետ նախահարձակ է լինում եվրոպական կառույցներին, եւ այդ երկրներն ուղղակի ժխտում են եվրոպական արժեքները:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով` հաղթանակ կլիներ այն, որ ԵԽԽՎ-ն պրո-հայկական զեկույց ընդուներ, կամ օրինակ` ԼՂՀ ներկայացուցիչը ներկա լիներ ԵԽԽՎ-ում: Ըստ պարոն Պողոսյանի` բոլոր հիմքերը կային, որպեսզի ԵԽԽՎ-ն Թուրքիայում մոնիտորինգ իրականացնելու որոշում կայացներ. «Այն, որ ամբողջ օրը Էրդողանը դատի է տալիս լրագրողներին եւ լրատվամիջոցներին, որ 40 հազար զինվորական է ուղարկել քրդական տարածաշրջաններ, այնինչ, եթե դրա մեկ տասներորդն է կուտակվում, ապա համարում են պատերազմ. այս բոլոր խնդիրները պետք է ԵԽԽՎ-ին դրդեին ստանձնել մոնիտորինգ Թուրքիայի վրա»: Ըստ պատգամավորի` սա չի արվում, քանի որ Եվրոպան Թուրքիայի հետ մի շարք խնդիրներ ունի լուծելու, մասնավորապես՝ փախստականների հարցը:
Հետաքրքրվեցինք` արդյոք հայկական պատվիրակության անդամների «կո՞ղմ», թե՞ «դեմ» քվեարկելն էր արդարացված: Ըստ պարոն Պողոսյանի` խնդիրը ոչ թե հայկական պատվիրակության դիրքորոշումն է, այլ ողջ կառույցինը: «Դեմ» քվեարկությունը պարոն Պողոսյանի համար հասկանալի է: Այս առիթով նա մանրամասնեց. «Հասկանում եմ իմ գործընկերների տրամաբանությունը, որ դա մի թուղթ է դառնում, ինչն օգտագործվելու է խաբեության համար, որ ասեն, թե նման բան է ընդունվել: «Կողմ» քվեարկությունը եւս հասկանալի է, քանի որ դա արել են` առնվազն ապահովելով, որ նման տեսակի փաստաթուղթ լինի: Բայց դա չի նշանակում, որ դադարեցվում է պայքարը»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
24.06.2016