Իրանագետը` Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ
հանդիպման շուրջ Ադրբեջանում առկա արձագանքների մասին
«Ադրբեջանական Հանրապետությունում հասարակության, քաղաքական եւ փորձագիտական շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման նկատմամբ զգալիորեն փոքր էր, եթե համեմատենք մոտ մեկ ամիս առաջ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման հետ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Նրա բնորոշմամբ. «Ադրբեջանում հասարակական արձագանքները սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին եւ դրանից հետո հուշում են` քաղաքացիները եռակողմ հանդիպումից որեւէ ակնկալիք չունեին: Վիեննայի հանդիպումից հետո Ալիեւի վարկանիշը երկրում կտրուկ անկում էր ապրել, իսկ ադրբեջանական հասարակությունը Վիեննայի հանդիպումը որակել էր որպես քառօրյա պատերազմում սպանվածների «արյան վաճառք». պետերբուրգյան հանդիպումն Ալիեւի նկատմամբ սեփական հանրության մեջ ձեւավորված այդ կարծիքը ոչնչով չփոխեց: Բացի այն, որ ադրբեջանական հասարակությունը որեւէ ակնկալիք չուներ այս հանդիպումից, կար նաեւ որոշակի կանխակալ վերաբերմունք, համաձայն որի` քանի որ հանդիպումը տեղի էր ունենալու Մոսկվայում` ռուսական կողմի նախաձեռնությամբ, Ադրբեջանի համար դրական բան հանդիպումից սպասել չէր կարելի, որովհետեւ ռուսները հօգուտ Ադրբեջանի երբեւէ քայլեր չեն իրականացնում: Ադրբեջանցիներին տխրեցրել է հատկապես իրենց նախագահի ժպտացող դեմքը, որը գնահատել են որպես քառօրյա պատերազմում սպանված զինվորականների հիշատակի անարգում»:
Անդրադառնալով սանկտպետերբուրգյան հանդիպման շուրջ Ադրբեջանի քաղաքական շրջանակների գնահատականներին` Արտյոմ Տոնոյանը նշեց. «Որքան էլ տարօրինակ է, բայց Ադրբեջանական Հանրապետության ընդդիմադիր գործիչները այս հանդիպման հետ կապված կարծիք գրեթե չեն արտահայտել: Դաշտում որոշակի ակտիվությամբ աչքի ընկնող ընդդիմադիր գործիչներից «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քարիմլին, «Ազգային խորհուրդը» ներկայացնող Ջամիլ Հասանլին եւ «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին, ի տարբերություն Վիեննայի հանդիպման, երբ ակտիվ մեկնաբանում էին այն եւ վերաբերմունք արտահայտում, այս անգամ տարօրինակ կերպով դեռեւս լռում են»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ադրբեջանի փորձագիտական շրջանակների արձագանքներին, իրանագետի խոսքով. «Ընդհանրացնելով` կարելի է ասել, որ դրանք ոչնչով չեն տարբերվում նախկին գնահատականներից: Ադրբեջանի փորձագետների կողմից պետերբերգյան եռակողմ հանդիպումը գնահատվել է որպես ռուսական կողմի` «Կովկասում իրավիճակը վերահսկողի կարգավիճակով» սեփական ուժի ցուցադրման հերթական օրինակ»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
24.06.2016