Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ հանձնաժողովը անխնա մերժում է դատապարտյալներին, իսկ դատարաններ էլ չեն ներկայանում

Հունիս 25,2016 15:30

Դատապարտյալի հարցի քննության ընթացակարգը
վերջինիս համար բոլոր տեսանկյուններից եղել է անորոշ

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, դատապարտյալ Լեւոն Մխիթարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Խալաթյանի նախագահությամբ քննել է դատապարտյալի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով անկախ հանձնաժողովի 2016թ. մարտի 25-ի որոշման դեմ բերված բողոքը», որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:

Գողության համար դատապարտված Լ. Մխիթարյանը նախկինում դատված չի եղել, ենթարկվել է հիմնարկի ներքին կանոնագրքի պահանջներին, պատիժը կրելու ընթացքում տույժ, կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, բնութագրվել է դրական, չունի քաղաքացիական հայց եւ հանցագործություն կատարելու ընթացքում գողացած իրերը հետ է վերադարձրել տուժողին: Ըստ պաշտպանի, Լ. Մխիթարյանն արդեն իսկ կրել է իր պատժից 1 տարի 6 ամիսը, մնում է կրելու 1 տարին: Դատապարտյալն ամուսնացած է, ունի մեկ անչափահաս երեխա: «Սակայն դատարանի որոշումը ուսումնասիրելով՝ նկատվում է, որ այն ամբողջությամբ արտատպվել է իմ՝ պաշտպանիս բողոքից: Դատարանը գտել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լ. Մխիթարյանի պաշտպան Ա. Ղարագյոզյանի բողոքը ենթակա է մերժման, նկատի ունենալով, որ նրա պահանջը հիմնավորված չէ: Սակայն դատարանը որեւէ իրավական ակտով չի հիմնավորել, թե ինչու հիմնավորված չէ, այսինքն, դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է»,- ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբանը:

Փաստաբանն ասաց, որ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացնելու, դիմելու է Արդարադատության խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2014 թվականի հուլիսի 14-ի դատավճռով Լեւոն Մխիթարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ:

Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքն ընդհանրապես վարույթ չի ընդունել, վերադարձրել է:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովն այս տարվա մարտի 25-ին ուսումնասիրելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված Մխիթարյանի անձնական գործը, որոշում էր կայացրել պայմանական վաղակետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն չտալ:

Փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց. «Անկախ հանձնաժողովն իր որոշմանը կից չի ներկայացրել որեւէ հիմնավորում կամ պատճառաբանություն, որպեսզի հասկանանք, թե ինչի հիման վրա են իրենք՝ հանձնաժողովականները հանգել նման եզրակացության»:

Արա Ղարագյոզյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ զուգահեռ անցկացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Von Bulow v United Kingdom (2003թ.)» գործի հետ: ՄԻԵԴ-ը հանգել էր հետեւյալին. «Տվյալ գործով դիմողի ցմահ ազատազրկման պարտադիր մասը լրացել է 1998 թվականին: Այն ժամանակ, երբ պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը վերանայում էր դիմողի գործը 2001 թվականին, այն չուներ դիմողին ազատելու հրամանի արձակման իրավասություն եւ կարող էր միայն այդ մասին եզրակացություն՝ խորհուրդ տալ Պետական Քարտուղարին: Չէր կատարվել բանավոր քննություն, որը հնարավորություն տար հարցաքննելու եւ խաչաձեւ հարցաքննության ենթարկելու վկաներին, կապված այն հարցի հետ, որ դիմողը դեռեւս վտանգ է ներկայացնում հանրության համար:

Կառավարությունը չէր վիճարկում, որ դիմողի ազատազրկման տեւողությունը չի վերանայվել այնպիսի մարմնի կողմից, որն ուներ ազատման հրաման արձակելու իրավասություն, կամ չի ենթարկվել այնպիսի ընթացակարգի, որը պարունակեր Կոնվենցիայի 5(4) հոդվածով ամրագրված երաշխիքներ»:
Իսկ «Amuur v France (1996)» գործով էլ Եվրոպական դատարանը նշել էր. «Պնդելով, որ ցանկացած ազատազրկում պետք է տեղի ունենա օրենքով սահմանված կարգով, Կոնվենցիայի 5(1) հոդվածը նախ եւ առաջ պահանջում է, որպեսզի ցանկացած կալանավորում կամ ձերբակալում ունենա իրավական հիմնավորում ներպետական օրենսդրության մեջ: Սակայն այս բառերը ոչ միայն հղում են պարունակում ներպետական օրենսդրությանը, ինչպես «օրենքին համապատասխան» եւ «օրենքով նախատեսված» արտահայտությունները, որոնք առկա են 8 եւ 11 հոդվածների 2-րդ կետում: Այս բառերը նաեւ վերաբերում են օրենքի որակին, պահանջելով, որպեսզի այն համապատասխանի օրենքի գերակայության սկզբունքին, որը բնորոշ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին:…

Դատարանը պետք է ոչ միայն գնահատի քննարկվող ոլորտի ազգային օրենսդրությունը, այն եւ՝ գնահատի այլ իրավական ակտերի որակը, որոնք կիրառվել են քննարկվող անձանց հանդեպ»:

Փաստաբանի տեղեկացմամբ, անկախ հանձնաժողովի կողմից իրականացված քննությունը չի համապատասխանել վերոնշյալ չափանիշներին. «Տվյալ պարագայում, հանձնաժողովի կողմից իրականացված քննության ընթացակարգը հիմնված չի եղել օրենքի վրա, չի եղել մատչելի եւ կանխատեսելի: ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ որեւէ նորմ, որով կկարգավորեր, թե ինչ ընթացակարգով պետք է առաջնորդվի հանձնաժողովը քննություն իրականացնելիս: Այսինքն, որոշումը կայացնելիս, թե ինչ չափանիշներ պետք է հաշվի առնի, ինչ ապացույցների վրա պետք է հիմնվի, ինչ ձեւով պետք է ներկայացվեն այդ ապացույցները, ում կողմից եւ ինչպես պետք է հետազոտվեն այդ ապացույցները: Սահմանված չէ, թե տվյալ պարագայում դատապարտյալը ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունի: Այսպիսով, հանձնաժողովի կողմից Լ. Մխիթարյանի հարցի քննության ընթացակարգը վերջինիս համար բոլոր տեսանկյուններից եղել է անորոշ՝ անգամ որակյալ իրավաբանական ծառայություններ ստանալու դեպքում նա չի կարողացել իմանալ, թե ինչ չափանիշներ են կիրառվելու, ինչ իրավունքներ ունի ինքը՝ այդ հարցի քննության ընթացքում իր փաստարկները եւ ապացույցները ներկայացնելու առումով, ինչ պետք է ապացուցվի, որպեսզի հարցը լուծվի իր համար դրական եւ ինչ վարքագիծ ինքը պետք է ընտրի ապագայում՝ հանձնաժողովի չափանիշներին բավարարելու համար»:

Ի դեպ, միայն Լ. Մխիթարյանի գործով չէ, որ անկախ հանձնաժողովը չի պատճառաբանել, թե ինչու նախկինում չարատավորված անձը պետք է դեռ մնա քրեակատարողական հիմնարկում:

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում էլ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, անկախ հանձնաժողովի ներկայացուցչի նիստերին չներկայանալու պատճառով, հերթական անգամ հետաձգվեց Վարդան Ղուկասյանի բողոքի քննությունը: Վերջինս 16 տարի եղել է ոստիկանության համակարգում, կոչումով մայոր է: Նրա պաշտպանությունը նույնպես ստանձնել է Արա Ղարագյոզյանը:

Իրավապաշտպան կառույցի փաստաբանի դիտարկմամբ, մինչ օրս Հայաստանը չի կատարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2003թ. սեպտեմբերի 24-ի ընդունված թիվ 22 հանձնարարականը: Պատիժը կրելու սկզբից ազատությունից զրկված անձինք պետք է իմանան, թե պատժի համար սահմանված նվազագույն ժամկետը (որը սահմանվել է ամբողջական ժամկետով եւ (կամ) պատժի ժամկետի մի մասով) կրելուց հետո, երբ են իրենք օժտվելու ազատման իրավունքով, ինչպես նաեւ, թե ինչ չափորոշիչներ են կիրառվելու իրենց ազատում տրամադրելու համար (ազատման հայեցողական համակարգ), կամ՝ թե երբ են իրենք օժտվելու ազատման իրավունքով՝ ամբողջական ժամկետի եւ (կամ) պատժի ժամկետի մի մասի հիման վրա սահմանված որոշակի ժամկետը կրելուց հետո: Բացի այդ, փաստաբանի դիտարկմամբ, նախագահի կողմից ստեղծվող անկախ հանձնաժողովի կողմից կայացված որոշումները չեն ներկայացվում նախագահի հաստատմանը, ինչը կրկին փաստում է, որ անկախ հանձնաժողովը խորհրդակցական մարմին չէ եւ, հետեւաբար, ներկայիս ձեւավորման իրավական հիմքը սխալ է:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

24.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930