Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյանի եւ լրատվամիջոցների դեմ գործով չգիտենք՝ ում հետ ենք «դատվում»

Հունիս 25,2016 15:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին հունիսի 22-ի նախնական դատական նիստի ժամանակ տողերիս հեղինակը հանձնեց Սարգիս Հացպանյանի, «Նյութ.Ամ» լրատվական ընկերության, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի՝ հրապարակային ներողություն խնդրելու, հերքում տալու եւ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին գործով լրատվամիջոցի անունից որպես ներկայացուցիչ հանդես գալու մասին տնօրենի լիազորագիրը:

«Առավոտը» ներգրավված է այս գործով որպես պատասխանող:
Հիշեցնենք, որ հայցվորի ներկայացուցիչն է փաստաբան Արտուր Հարությունյանը, որը նիստին եկել էր առանց իրեն լիազորած Բ. Խ.-ի:

Փոխարենը, Վանաձորից դատարան էին եկել Բ. Խ.-ի հարազատները:
Հայցվորի ներկայացուցիչը դատարանից խնդրում է, որպեսզի լրատվամիջոցները, որոնք «Նոյյան տապանում» հրավիրված են եղել ասուլիսի, հրապարակային ներողություն խնդրեն բանախոս Սարգիս Հացպանյանի հետ, Բ. Խ.-ին «Մամա Ռոզա» անվանելու համար, հրապարակայնորեն հերքվի զրպարտությունը՝ թե այդ կինը զբաղվում է այլ գործունեությամբ հարեւան երկրներից մեկում, իսկ զրպարտության եւ վիրավորանքի գումարներն էլ բռնագանձել պատասխանողներից միայն Սարգիս Հացպանյանից: Սարգիս Հացպանյանն ուներ իր ներկայացուցիչը, որը հանդես եկավ միջնորդությամբ: Նա միջնորդեց, որպեսզի կասեցվի սույն քաղաքացիական գործի վարույթը, քանի որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մանասյանի կողմից Ս.Հացպանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, գործը գտնվում է նախաքննության փուլում:

Հայցվորի ներկայացուցիչն առարկեց, ասելով, թե պետք է միջնորդության քննարկումը հետաձգվի, քանի որ ինքը պիտի ճշտի, թե արդյոք, հունիսի 9-ին կայացվե՞լ է որոշում քրեական գործ հարուցելու, վարույթ ընդունելու մասին:
Սարգիս Հացպանյանը հայտարարեց, որ Թուրքիայից այս գործի շրջանակներում երկու վկա են գալու, ասաց, որ հայցվորը հանդես է գալիս երեք անուն-ազգանուններով, ու տեղյակ չենք, թե ով է իրականում հայցվորը:
«Առավոտի» ներկայացուցիչս նույնպես միացավ Հացպանյանի միջնորդությանը, գործի վարույթը կասեցնելու, փաստարկելով, թե այս դատարանում հնչող ցանկացած տվյալ հնարավոր է դիտվի նախաքննության գաղտնիքի բացահայտում եւ նախաքննական տվյալ:

Ի դեպ, դատարանում մենք ներկայացրեցինք այս տարվա ապրիլի 8-ի Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքը՝ կապված այս վեճի հետ, միեւնույն ժամանակ միջնորդեցինք մեր լրատվամիջոցին ճանաչել ոչ պատշաճ պատասխանող:

Հայցվորի ներկայացուցիչը ժամանակ խնդրեց իր դիրքորոշումն արտահայտելու համար, ինչը բավարարվեց դատարանի կողմից:
Ռ. Մ.

«Առավոտ»

24.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930