Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը կվերականգնի ուսուցչուհու դասղեկությունը

Հունիս 25,2016 14:30

Նա հավաստիացնում է, որ իրենց միջեւ հակամարտություն չկա

«Առավոտի» հունիսի 14-ի համարում տպագրված «Տնօրենի չսիրած ուսուցչուհու դասասենյակի հոսանքն անջատել են» հրապարակման մեջ անդրադարձել էինք Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Աղունիկ Խաչատրյանի ու նույն դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանի հակամարտությանը: Ուսուցչուհին պնդում էր, որ տնօրենի հետ լարված հարաբերությունների պատճառով կրճատվել են իր դասաժամերը, զրկվել է դասղեկությունից, անգամ քիչ է մնացել, որ չկայանա իր դասարանի «Վերջին դաս» միջոցառումը:

Հրապարակումից հետո տնօրեն Նարինե Բարսեղյանը եկավ խմբագրություն: Նա հայտնեց, որ 2006թ.-ից աշխատում է այդ դպրոցում՝ որպես տնօրեն:

«Յուրաքանչյուր ուսումնական տարին սկսում ենք համապատասխան ծրագրերով՝ միջոցառումների պլանով, դասաբաշխումն էլ կատարվում է համաձայն ուսումնական տարվա օրինակելի պլանի եւ առարկայական ծրագրերի, որովհետեւ կան առարկաներ, որոնք եթե դասավանդվում են շաբաթական մեկ ժամ, բնականաբար՝ պետք է լրացուցիչ ժամ հատկացվի, իսկ մենք դրա հնարավորությունն ունենք, նույն առարկան դասավանդող ուսուցիչների միջեւ դասաժամերը հավասարաչափ են բաշխվում»,- ասաց տնօրենը: Նաեւ վստահեցրեց, որ երկու ֆրանսերենի ուսուցիչների միջեւ էլ դասաժամերը հավասարաչափ են բաշխվել, երկուսն էլ 1988-ից աշխատում են այդ դպրոցում:

Տնօրենը հավաստիացրեց, որ իր եւ Աղունիկ Խաչատրյանի միջեւ հակամարտություն չկա, պարզապես ինքը կարգ ու կանոն սիրող մարդ է, ու գործում է այդ շրջանակներում: Նարինե Բարսեղյանն ասաց, որ ցերեկային ժամերին ինքն էլ հոսանք չի օգտագործում իր աշխատասենյակում, իսկ ինչ վերաբերում է Աղունիկ Խաչատրյանի դասասենյակի հոսանքն անջատելուն, հաստատեց, որ այն իսկապես անջատվել էր, պարզապես դպրոցը չուներ դռան բանալու երկրորդ կրկնօրինակը՝ խնդիրը լուծելու համար: Մեր զրուցակցի հավաստմամբ, այս պահին արդեն հոսանքի խափանումը վերականգնված է: Տնօրենն անդրադարձավ «Վերջին դասին», որը Աղունիկ Խաչատրյանի ասելով, չէր թույլատրվել իրականացնել, անգամ իր առաջ փակել էին դպրոցի դռները. «Ես 2016թ. մարտ ամսին ծնողական ժողով եմ հրավիրել, եւ ասել, որ «Վերջին դաս» արվելու է դասարանում, ամեն ինչ լինելու է շատ զուսպ: Իմ նպատակը նախ քննություններն էին, ծնողներին ծանոթացնելը քննությունների անցկացման կարգին: Իմիջիայլոց, Աղունիկ Խաչատրյանի դասղեկական դասարանում ես ֆիզիկա եմ դասավանդում արդեն երեք տարի, առարկան բարդ է, երեխաները թույլ են, եւ եթե ցանկանայի վատություն անել նրանց, ապա կանեի մինչեւ քննությունները, բայց յուրաքանչյուր երեխա իմ երեխան է, բոլոր աշակերտների իրավունքները պաշտպանված են, դպրոցում էլ գնահատական դրվում է գիտելիքի համար, այլ ոչ թե այն բանի համար, թե երեխայի ծնողն ինչ դիրք է գրավում հասարակության մեջ»:

Նարինե Բարսեղյանը նշեց նաեւ, որ իրենց դպրոցում միջոցառում անում են բոլոր ուսուցիչները, ու միշտ էլ ներկա են լինում բարձրաստիճան հյուրեր: Անձամբ ինքը կարեւորում է ուսման որակը, հետո նոր՝ միջոցառումները:
Տնօրենը խոստացավ, որ Աղունիկ Խաչատրյանը կրկին դասղեկություն կունենա, օգոստոսի վերջին աշխատանքային օրը մանկավարժական խորհրդի նիստում կորոշվեն տվյալ ուսումնական տարվա դասղեկները:

Նա նաեւ հավելեց, որ երեկոյան ժամը 17-ից հետո դպրոցի դռները փակվում են, եւ եթե դպրոցում պահակից բացի, մարդ չկա, ինքը հարմար չի գտնում, որ դպրոցում երեխաներ լինեն, իսկ միջոցառումների փորձերը, նրա համոզմամբ, կարելի է ավելի հարմար ժամերի անցկացնել:

Դպրոցի տնօրենն իր հետ բերել էր նաեւ մի դիմում՝ ուղղված մարզպետին, որի տակ ստորագրածները նշում էին, որ ցանկանում են աշխատել տնօրեն Նարինե Բարսեղյանի հետ: Նկատենք, որ նման ստորագրություններով թղթեր խմբագրությունը ստանում է բոլոր տնօրենների մասին որեւէ տող գրելուց հետո:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

24.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930