Կոմիտասի մասին խոսելիս մեր օրերում հաճախ կարծիք են հայտնում, թե այս մեծությունը խորհրդային տարիներին հավուր պատշաճի չի ներկայացվել: Մինչդեռ «Առավոտի» հետ զրուցած մասնագետները անգրագիտություն են որակում նման տեսակետը՝ փաստելով, որ 1924թ-ից Կոմիտասի անվան լարային քառյակը աշխարհով մեկ տարածում էր Վարդապետի ասլամազյանական մշակումները, իսկ 1937թ.-ից՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, անվանի երգիչներ Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանն ու Զարուհի Դոլուխանյանը, Գոհար Գասպարյանն ու Լուսինե Զաքարյանը… Բոլորին չես թվարկի, բայց փաստ է, որ բոլորն առաջին հերթին հենց Կոմիտաս էին հնչեցնում:
Վերջերս Հայաստանում Ճապոնիայի դեսպանն էր «Առավոտին» ասել, որ Տոկիոյում գործում է Կոմիտասասերների միություն: Նկատենք, որ Գերմանիայում արդեն որերորդ տարին անցկացվում է Վարդապետի անունը կրող միջազգային մրցույթ-փառատոն, ըստ բելգիաբնակ դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի էլ՝ Բրյուսելում սեպտեմբերից կգործի Կոմիտասի անվան դպրոցը … Վարդապետի մաքրամաքուր երաժշտությունը իրենց հիմնական ծրագրերում են ներառում մերօրյա ոչ միայն գործիքային կատարողները՝ դրանք հնչեցնելով նաեւ արտասահմանում, այլեւ որոշ անսամբլներ:
Ի դեպ, հենց խորհրդային տարիներին Ազգային օպերային թատրոնում բեմադրվեց Էդգար Հովհաննիսյանի «Անտունին»: Ի վերջո, խորհրդային տարիներին իրենց աշխատություններով առանձնացան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի որոշ պրոֆեսորներ, այդ թվում՝ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը:
Օրերս ներկա գտնվելով Հայաստանի պարի պետական անսամբլի հերթական համերգին, հանդիսատեսը հաճելիորեն ակնդիրը եղավ նոր՝ «Կոմիտասյան մտորումներ» բեմադրությանը, որն իրականացրել է ՀՀ վաստակավոր արտիստ, անսամբլի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը:
Մեզ հետ զրույցում բալետմայստերը նշեց, որ համարում օգտագործված են երեք հանրահայտ երգեր՝ «Երկինքն ամպել ա», «Գուլո յար», «Հաբրբան», որոնց մշակման հեղինակն է անսամբլի երաժշտական մասի ղեկավար, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Ասատուր Կարապետյանը հաստատեց դիտարկումը, թե ժամանակին Վանուշ Խանամիրյանն էլ է անդրադարձել Կոմիտասին եւ փաստորեն տասնամյակներ է պահանջվել նոր կոմիտասյան համար բեմադրելու համար: Հետո էլ հավելեց. «Կոմիտասյան մտորումներին» թե ես, թե արտիստները շատ զգուշորեն ենք մոտեցել, գիտակցելով, որ գործ ունենք, ոչ ավել-ոչ պակաս՝ Կոմիտասի հետ: Առանց չափազանցության՝ բեմադրական աշխատանքները տեւել են ավելի քան մեկ տարի: Շատ եմ ափսոսում, որ ապրիլին Ստամբուլի «Կոնգրես» կենտրոնում կայացած մեր համերգի ժամանակ դեռ պատրաստ չէր «Կոմիտասը»:
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ նոր բեմադրություններին: Բալետմայստերը հավաստիացրեց, որ առաջիկայում հանդիսատեսը կծանոթանա Վասպուրականի շրջանի եւ համշենահայերի պարերին: Առանց մանրամասնելու էլ հավելեց, որ անսամբլում նոր բեմադրություն է իրականացնում ճանաչված բալետմայստեր Փայլակ Սարգսյանը, պատրաստվում են համերգներ ունենալ Գյումրիում, Վանաձորում, հրավերներ ունեն Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Իտալիայից. «Այսուհետ տղամարդկանց կրակոտ ու կանանց քնարական պարերի կողքին մեր ծրագրում անպակաս կլինի «Կոմիտասյան մտորումներ» համարը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
24.06.2016
Կոմիտաս այլ ժողովուրդներ էլ ունեն … Օրինակ` իտալացիներն էլ չեն մոռանում իրենց Օռլանդո Լասսոյին կամ Պալեստրինային, բայց աշխարհին ներկայանում են այլ արժեքներով`օպերաներով, մոնումենտալ ժանրերով … Մենք, կարծես, շատ ենք սահմանափակվում Կոմիտասով: Գուցե դա է պատճառը, որ դեռևս, աշխարհի երաժշտական քարտեզի վրա, լիարժեք չենք նկատվում:
Մեզանում էլ են ստեղծվում մոնումենտալ ժանրեր, բայց տասնամյակներ շարունակ այդ գործերը չեն կատարվում, մնում են թղթի վրա, չեն հասնում ունկնդրին: Էլ չասենք` աշխարհին … Հարգանքով` Աշոտ Բաբայան