Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Մարդիկ մի քիչ դժվար են ընկալում, թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները». panorama.am

Հունիս 24,2016 23:53

Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել «Ռադիո Վատիկան»-ին, որտեղ անդրադարձել էր Պապի այցի, հայրենիք-սփյուռք համագործակցության կարևորությանն ու ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. 

Նշեցիք, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, և Սրբազան Քահանայապետը հենց այդ շրջանում է ժամանում Հայաստան: Ի՞նչ հեռանկար կա այս առնչությամբ:

-Մենք, ինչպես արդեն մի քանի անգամ ասացի, 1715 տարի առաջ ընդունել ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն, և այն դարձել է մեր ազգային ինքնության դրոշմը և քրիստոնեական գաղափարները մեզ ուղղորդել են այդ դժվարին ճանապարհներով մինչև 21-րդ դար, սովորեցրել են մեզ հանդուրժողականություն, սովորեցրել են մեզ զսպվածություն ու խնդիրները արժանապատվորեն հաղթահարելու կարողություն: Ես չեմ կարծում, որ այսօր մեր ժողովրդի պատմության ընթացքում ամենադժվարին ժամանակներն են: Մենք ունեցել ենք շատ ավելի դժվար ժամանակներ: Այսօր փառք աստծո անկախ պետություն ենք, ունենք զինված ուժեր, ունենք բարեկամներ, ունենք դաշնակիցներ և ես վստահ եմ, որ մենք նաև այս փորձությունն ենք կարողանալու հաղթահարել: Մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե, մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում, թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում:

Այս ճամփորդությանը անշուշտ կուզեր մասնակցել նաև ողջ սփյուռքը: Ի՞նչ պատգամ կհղեք սփյուռքահայությանը:

-Մշտապես ասել եմ, որ Հայաստանը ուժեղ է իր սփյուռքով և սփյուռքը կենսունակ է Հայաստանով: Մենք հսկայական ներուժ ունենք և այդ ներուժը, ցավոք սրտի, մենք բացահայտել ենք շատ փոքր չափով: Սփյուռքի ներուժը առաջին հերթին պետք է օգտագործվի Հայաստանի հզորացման համար, որպեսզի ուժեղ Հայաստանը սնի, ոգևորի նաև սփյուռքին: Պատգամը միշտ մեկն է եղել՝ միասնություն կարևոր հարցերում: Միշտ էլ ճանապարհների մասին, խնդիրների մասին կարող ենք վիճել, որովհետև մենք շատ տաղանդավոր զավակներ ունենք և շատ մարդիկ համարում են, որ իրենց ընտրած ճանապարհը կամ իրենց տեսլականը լավագույնն է Հայաստանի համար: Այս առիթով կարող ենք շատ երկար վիճել, բայց սկզբունքային հարցերում մենք պետք է լինենք միասնական և որևէ բան մեզ չպետք է խանգարի մեր ջանքերը արդյունավետորեն օգտագործելու ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար, այնպես էլ հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար: Սրանք երկուսն են այն երեք կարևոր խնդիրներից, որոնք հայ ժողովուրդը պետք է լուծի: Իսկ երրորդը իհարկե Հայաստանի զարգացումն ու բարգավաճումն է: Այս երեք խնդիրներով մենք միշտ պետք է լինենք միասնական: Ես շնորհակալ եմ իմ սփյուռքահայ քույրերին և եղբայրներին իրենց աջակցության համար: Այդ աջակցությունը մենք զգում ենք ամեն րոպե, ամեն վայրկյան: Այսօր ևս, երբ Երևանում են հավաքվել մեր շատ հանրաճանաչ, հայտնի և վաստակաշատ քույրեր և եղբայրներ, ովքեր եկել են մի կողմից շփվելու Սրբազան Քահանայապետի հետ, մյուս կողմից նաև կաթոլիկ աշխարհին ու ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք Հայաստանի հետ են:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Էս մարդը կարող է խելքի է եկել սփյուռքի ներուժը օ̕գտագործելու հարցում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930