Հունիսի 24-ին ՆՓԱԿ-ում կայացավ Լեւոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գրքում ներառնված են հեղինակի 30 պատմվածք եւ «Քյապի Դամեն» վիպակը: Բոլորն էլ իրապատում են: «Զամբոն» հեղինակի արձակ գործերի առաջին ժողովածուն է: Գրքի նկարազարդումները եւ շապիկի ձեւավորումը հեղինակինն են: Հեղինակը զամբոն ստուգաբանում է որպես խառնածին:
Լեւոն Բարսեղյանը, իր ձեւակերպմամբ, հատկանշական նվերներ արեց ընկերներին, գործընկերներին, հարազատներին, այդ թվում` գրքի խմբագիր Մարիամ Վարդանյանին, որդուն` Հայկին, մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանին, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին:
Կարդացեք նաև
Մի օրինակ էլ ուղարկելու է լուսահոգի Զորիկ Գալստյանի ընտանիքին, ասում է` իրեն գրելու մղողներից մեկն էլ Զորիկն է եղել: Շնորհանդեսի մասնակիցներին էլ խոստացավ, որ մի օր հանդիպենք, բոլորիս օրինակներում նավ է նկարելու` 1500 նավ:
Լեւոն Բարսեղյանն ափսոսաց, որ իր «շնչող» գրքի շնորհանդեսին ներկա չեն լավագույն տղերքը` Ժիրայր Սեֆիլյանը, Շանթը, Հայկը, Գեւորգը…. «Այդ մարդիկ հիմա փակված են ռեժիմի ձեռքով, իսկ ազատության համար կռիվ պետք է լինի անգամ ամենաժողովրդավարական երկրներում, որովհետեւ եթե ոտքդ քաշես, կարող են մեկ էլ տունդ մտնել»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:
Նրան ճանաչող բոլոր մարդիկ հետաքրքիր դրվագներ պատմեցին, իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իր համար 2016-ը հայտարարել է հայ ժամանակակից գրքի տարի, ու համոզված է, որ Լեւոն Բարսեղյանի գիրքը իր սիրելի գրքերից մեկն է լինելու, քանի որ հեղինակն է սիրելի: «Ուրախ եմ, որ հայտնվել ենք Ֆեյսբուքյան տիրույթից դուրս, շատ ջերմ մթնոլորտ է, ուր կարող ենք միմյանց ձեռք սեղմել, մինչդեռ ֆեյսբուքը նման հնարավորություն չի տալիս»,- նշեց Փաշինյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շնորհանդեսին եկել էր իր փոքրիկ դստեր հետ: Լեւոն Բարսեղյանի «Զամբոն» տարբեր բնագավառների բազմաթիվ լավ մարդկանց մեկտեղելու հրաշալի առիթ էր դարձել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ