ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի պատմելով` իրենք այցելել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ` հանդիպել հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին եւ Վալոդյա Ավետիսյանին:
«Հետները խոսել ենք երկար, եղել ենք նրանց խցերում, ծանոթացել նրանց ապրելու պայմաններին, հետաքրքրվել՝ ինչպես են իրենց վերաբերվում: Ավելի շատ մեզ հետաքրքրում էր իրենց ապրելու պայմանները, իրենց նկատմամբ հո օրենքը չեն խախտում կամ իրենց նկատմամբ ճնշումներ կան, թե չկան: Շանթն էր մի քիչ հիվանդ, դիմել էր՝ հիվանդանոց գնա, կարծում եմ՝ կաջակցեն, բուժման կարիք ուներ: Ընդ որում, լուրջ չէր խնդիրը, Վոլոդյայի հետ կապված կար հացադուլի խնդիրը, հինգ օր է՝ հացադուլի մեջ է. նրա պահանջը կապված չէր իր գործի հետ, նա կալանավորվածների խնդիրն էր ուզում լուծել, որոնք դիմել են վաղաժամկետ ազատ արձակվելու համար ու մերժումներ են անընդհատ ստանում, չեն կարողանում վաղաժամկետ դուրս գալ: Վոլոդյա Ավետիսյանը այդ կալանավորների համար էր հացադուլ անում, մարդասիրական, հերոս մարդու քայլ: Մենք դիմեցինք նաեւ այդ հարցով հիմնարկի պետին, խոստացել ենք՝ դիմել նաեւ ուրիշ ատյանների, որ այդ խնդիրը լուծվի»,- Aravot.am-ին պատմեց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանի խոսքով` Ժիրայր Սեֆիլյանն իր կալանավորման փաստի վերաբերյալ որոշ բաներ է իրեն ու իր հետ քրեակատարողական հիմնարկ մեկնած ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին պատմել. «Մանրամասն խոսել ենք, կարող եմ ասել, որ կան կասկածներ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում են իշխանությունները, այս պահին կարող եմ մեր մոտեցումն ասել՝ մենք ուշադիր հետեւելու ենք ամբողջ ընթացքին եւ կլինեն արձագանքներ ու վերաբերմունք, եթե տեղի ունենա խախտումներ այդ գործի հետ կապված: Այլ մանրամասներ չեմ կարող ասել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև