Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցում «Ռուսաց լեզու» առարկայից քննություն է հանձնել 73 դիմորդ:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, հանրապետությունում այս քննությանը մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 500 դիմորդ: Նրանցից 95-ը պետք է քննությունը հանձնեին Երևանում:
«95-ից 22-ը չէին ներկայացել: Բացակայության պատճառներն առայժմ հայտնի չեն: Բայց, սովորաբար, վերջին քննությանը չներկայացողների թիվը մեծ է լինում նախորդ քննությունը տապալելու պատճառով: Անբավարար ստացած դիմորդների մեծ մասն իմաստ չի տեսնում հաջորդ քննությանը մասնակցելու մեջ»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա փոխանցմամբ՝ հանրապետությունում ռուսերենից քննություն հանձնողների թիվն այս տարի նախորդ տարվա համեմատ մոտավորապես հարյուրով պակաս էր:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այս քննության ժամանակ դիմորդների մոտ հեռախոսներ, ծածկագրեր հայտնաբերելուն, Արա Իսպիրյանն ասաց, որ այդպիսի հաղորդում չեն ստացել:
Հիշեցնենք, որ «Ռուսաց լեզու»-ն միասնական քննությունների առաջին փուլի վերջին քննությունն էր: Հունիսի 25-ից կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ