ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Էնդրյուն 2016թ. հունիսի 24-ին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ հակամարտության կողմերին կոչ են արել հետևել 2016թ. մայիսի 16-ին և հունիսի 20-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
Հայտարարության միջոցով համանախագահները կոչ են արել հակամարտության կողմերին վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատանքներին։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև կոչ են արել զարգացնել կողմերի միջև երկխոսությունը՝ ուղղված հակամարտության շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնելուն։