Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ ղեկավարի փոփոխությունը որոշիչ դարձավ թղթե հրասայլով ակտիվիստի համար. կարծում է փաստաբան Տիգրան Սաֆարյանը (տեսանյութ)

Հունիս 24,2016 20:47

«Ազգային անվտանգության ծառայության վերջին պաշտոնական գրությունը որևէ այլ կերպ հնարավոր չէ բացատրել, քան ղեկավարության փոփոխությամբ, ինչն էլ պայմանավորեց այս գործի ելքը»,- այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստվարաթղթե տանկի գործով դատարանի հրապարակած վճռից հետո լրագրողներին ասաց Արտակ Գևորգյանի պաշտպան՝  փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Նա նշեց. «Քրեական գործի հարուցման հետ կապված մենք մեր կարծիքն առաջին օրվանից էլ ասել ենք, որ դատական հեռանկար չենք տեսնում ու ցանկացած փուլի ժամանակ մենք մտածում էինք, որ քրեական գործը կկարճվի: Ուղղակի ծիծաղելի էին մեղադրանքի հիմքում դրված փաստերով որակումները:
Նախորդ նիստի ընթացքում ԱԱԾ գրության հրապարակումը նշանակում էր, որ պետական էն մարմինը, որին իբր խանգարել էր Արտակ Գևորգյանը, հայտնում է, որ հանցակազմ չկա նրա գործողություններում և իրենց ոչ մեկ չի խանգարել»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատավոր Գագիկ Պողոսյանը ներկայացրել էր ԱԱԾ-ից ստացված գրությունը, ըստ որի ԱԱԾ-ն չի ողջունում քաղաքացիների նման վարքագիծը, բայց  կատարված արարքի արդյունքում ԱԱԾ բնականոն աշխատանքը չի խաթարվել, աշխատակիցներին էլ  լուրջ անհանգստություն չի պատճառվել, հետևաբար նպատակահարմար չեն գտնում մասնակցել դատական նիստերին:

Հարցին, թե Արտակ Գևորգյանը բարոյական վնասի փոխհատուցման պահանջ կներկայացնի՞, փաստաբանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ պետք է քննարկի իր պաշտպանյալի հետ:

Հիշեցնենք, որ «Հակահարված» խմբի անդամ, ակտիվիստ Արտակ Գևորգյանը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստվարաթղթե հրասայլով հարվածել էր ԱԱԾ դարպասներին, ինչի համար նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել՝ «շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելու և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելու համար»:

Հիշեցնենք նաեւ, որ այսօր մեղադրողը հրաժարվեց առաջադրված մեղադրանքից ու դատարանի որոշմամբ Արտակ Գեւորգյանն անմեղ ճանաչվեց: 

Դատարանի որոշումը Արտակ Գեւորգյանի համար անսպասելի էր, վճռի հրապարակումից հետո նա պատմեց, որ չէր կարծում՝ դատարանն իրեն անմեղ կճանաչի. «Ինձ թվում էր՝ մեղավոր կճանաչի, որ այսուհետեւ որևէ մեկը չհամարձակվի նույնիսկ ԱԱԾ-ի դարպասներին մոտենալ»:

Արտակ Գևորգյանի պատմելով, որ երբ ինքը կեսգիշերին ստվարաթղթե տանկով հարվածել էր ԱԱԾ-ի երկաթյա դարպասներին, շենքից ոչ ոք դուրս չի եկել ո՛չ այդ պահին, ո՛չ էլ մեկ ժամ հետո, որովհետեւ իր կարծիքով, աշխատակիցները քնած են եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասներն` ավելի ուշ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930