Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոսանքը ոչ թե էժանացել է, այլ՝ թանկացել»

Հունիս 24,2016 20:03

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի հաշվարկներով` էլեկտրաէներգիայի սակագինը ավելի շատ պիտի նվազեցվեր

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար նվազեցնել 2.58 դրամով: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը համամիտ չէ, որ սա նվազեցում է, իրականում այն մի բան էլ թանկացում է: Մանուկյանը վստահեցնում է, որ սակագինն ավելի շատ պետք էր նվազեցնել. ոչ թե 2.5 դրամ, այլ՝ մոտ 7 դրամով՝ չգերազանցելով 42 դրամը, եւ հիմնավորումներ է ներկայացնում:

Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Մանուկյանը հիշեցնում է, որ երբ անցյալ տարի էլեկտրաէներգիայի 42 դրամ սակագինը բարձրացրեցին 49 դրամի, հիմնավորում էին ՀԷՑ-ի 29 միլիարդ դրամ պարտքերի մարմամբ՝ (24 միլիարդ ՀԷՑ-ի պարտքը, 4.8 միլիարդ դրամ էլ՝ ամորտիզացիան), եւ դոլար-դրամ փոխարժեքով:

Ըստ տնտեսագետի`  2014 թվականին, երբ հոսանքը թանկացավ ու դարձավ 42 դրամ, այս սակագնի մեջ մոտ 2.5 դրամը ՀԷՑ-ի պարտքերի մարումն էր բնականոն սխեմայով, այսինքն, ստացվում է` 2015 թվականին առանց ՀԷՑ-ի պարտքերի սակագինը պետք է լիներ 39.5 դրամ:

Տնտեսագետի խոսքերով՝ ՀԷՑ-ի 29 միլիարդ պարտքն արդեն անցյալ տարի հոսանքը  թանկացնելով վճարվել է, եւ եթե ոչինչ չփոխվեր, պետք է սակագինը հետ վերադառնար 40-41 դրամի, իսկ այսօր ունենք 46.2 դրամ սակագին:

«Որոնք կարող էին լինել էժանացման, այսինքն՝ իմ տեսանկյունից թանկացման դրդապատճառները: Հիմնավորեմ՝ դոլար-դրամ փոխարժեքը չէ, գազի գնի փոփոխությամբ էլ սակագինը պետք է նվազեր 39.5 դրամ սակագնից: Մյուս հիմնավորումը, որ կարող էր լինել, էներգետիկ կայանների կառուցվածքի փոփոխությունը, օրինակ՝ ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան ատոմակայանինը, ՀԷԿ-երինը՝ մի քիչ թանկ ատոմակայանից: Նաեւ վիճակագրական ծառայության տվյալներով, սակագնային տարում էլեկտրաէներգիայի արտադրության աճ կա, եւ այս տարի, նախորդ տարվա համեմատ, ՀԷԿ-երն ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրել, իսկ ՋԷԿ-երն՝ ավելի քիչ: Այսինքն, միջին կշռված սակագինը եւս իջել է, որովհետեւ ՋԷԿ-երի թանկ էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռն է նվազել:

Ատոմակայանը սակագնային տարում ոչ թե 44 օր, այլ՝ մոտ 100 օր է կանգ առնելու, այս ընթացքում ատոմակայանի էլեկտրաէներգիան, որ չենք ստանալու՝ 400-420 միլիոն կվ/ժամ էլեկտրաէներգիա է, այսքանով քիչ կարող ենք ստանալ հոսանք: Այս բացը կարող ենք լրացնել ՀԷԿ-երի եւ ՋԷԿ-երի արտադրանքով: Նույնիսկ այն պարագայում, երբ այս 400-420 միլիոն կիլովատը ամբողջությամբ վերցնենք, օրինակ ՋԷԿ-ից, ապա դա կբերի վաճառքի գների մոտ 10 միլիարդ դրամի չափով ավելացման: Այսինքն հոսանքը պետք է մոտ 2 դրամ թանկացնեին:

Ատոմակայանի ավելի երկար կանգառի գործոնի արժեք նույնիսկ գերագնահատված պարագայում չի կարող բերել 2 դրամից ավելի թանկացման: Ամփոփելով պետք է նշել, որ ՀԷՑ-ը ներկայացրել է ներդրումային ծրագիր, որը հաստատվել է, դրանով ընկերությունը սակագնում փոփոխության արժեքը մոտ 0.8 դրամ է ներկայացրել: Այսինքն՝ նույնիսկ առանց ջրառատ տարվա հաշվառման, գազի գների իջեցման գործոնների, սակագինը պետք է լիներ ոչ ավել քան 42.3 դրամը՝ 39.5 դրամ+2 դրամ (ատոմակայանի երկար կանգառ)+0.8 դրամ ներդրումային ծրագիր: Ես դեռ չեմ խոսում իմ թվարկված նվազեցումների, Վրաստանից ավելի մեծ ծավալով ներմուծման, նաեւ այն հանգամանքի մասին, որ 39.5 դրամում եւս կան անարդյունավետ ծախսեր, ինչպես նաեւ այն, որ ներկա սակագնում դրված է 11.2% կորուստի ցուցանիշը, որը մի քանի անգամ բարձր է թույլատրելի մակարդակից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930